Միջազգային առողջապահական կանոններ

Աշխարհում, վերջին տասնամյակներում հանրային առողջության սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու նպատակով, 2005 թվականին ընդունվել և 2007 թվականից ուժի մեջ են մտել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնները: Դրանք իրենցից ներկայացնում են պահանջներ՝ «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող» դեպքերի/ իրադարձությունների վաղ հայտնաբերման և արագ արձագանքման համար: Աշխարհի 196 երկիր պարտավորվել է ներդնել սույն կանոնները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը: Նշանակվել է Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող՝ Առողջապահության նախարարությունը, որն իր լիազորություններն այս հարցում պատվիրակել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին»: Կանոնների ներդրման համատեքստում ընդունվել և գործադրվել է շուրջ 17 ռազմավարական, նպատակային ծրագիր, շուրջ 400 իրավական ակտ, որոնց հիման վրա ձևավորվել են համապատասխան կարողություններ: Ապահովվել է Կանոնների ներդրման միջգերատեսչական համակարգումը: Իրականացվել են Կանոնների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ` առանձին կառույցների և բնակչության առանձին քանակակազմերի շրջանում: Զգալի աշխատանք է իրականացվել մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ: Նշանակվել են Կանոններով պահանջվող կարողություններ ապահովող սահմանային անցակետեր: Զարգացվել են վարակիչ հիվանդությունների, քիմիկան թունավորումների և ճառագայթային ախտահարումների համաճարակաբանական հսկողության համակարգերը: Շարունակականորեն ներդրվում է «Մեկ առողջություն» մոտեցումը՝ զոոնոզների կանխարգելման ուղղությամբ: Ամբողջությամբ միջազգային մոտեցումներին համահունչ զարգացվել է լաբորատոր կարողությունը: 2016թ. անկախ միջազգային փորձագետների կողմից իրականացվել է Միացյալ արտաքին գնահատում՝ Միջազգային առողջապահական կանոնների ներդրման գործընթացը և կարողությունները գնահատելու համար և փաստվել է, որ հանրային առողջությանը սպառնացող դեպքերի/ իրադարձությունների վաղ հայտնաբերման և արագ արձագանքման համար մեր երկիրն ունի պատրաստվածության բարձր մակարդակ: Ներկայում Միջազգային առողջապահական կանոնները տարածվում են բոլոր վտանգների վրա և, հետևաբար, երկիրը պետք է կարողություններ ձևավորի վերջիններիս դիմակայման ուղղությամբ:

Միջազգային առողջապահական կանոնների ներդրման գործընթացը շարունակվում է: Որպես ներդրման հաջորդ փուլ նախատեսվում է մշակել և ներդրնել «Առողջապահության անվտանգության բնագավառում գործողությունների ազգային ծրագիր»: