Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային թունավորումների առաջացման համար, քանի որ այդ ընթացքում ավելի հաճախ են մարդիկ օգտագործում ոչ պատշաճ պայմաններում և երկար ժամանակ պահված, մի քանի անգամ տաքացրած կերակուր: Բացի այդ, օգտագործվում են միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք իրենց հերթին պատճառ են դառնում մարսողական համակարգի  տարաբնույթ խանգարումների:

Պետք է հիշել, որ ճաշատեսակների մեծ մասը, որոնք պարունակում են ձկնեղեն, մսեղեն, ձու, մայոնեզ, կաթնամթերք, պանիր, կրեմներ և այլն, արդեն իսկ 4 ժամ սենյակային ջերմաստիճանում և 2 օր սառնարանում մնալուց հետո կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար` դառնալով թունավորման պատճառ: Դրա համար խորհուրդ է տրվում սնունդը պատրաստել քիչ քանակով, պատրաստի կերակուրը պահել սառնարանային ջերմաստիճանում, սեղանի վրա չթողնել 2 ժամից ավելի, ճաշատեսակը տաքացնել 1 անգամից ոչ ավելի, տաքացնելիս էլ ապահովել համապատասխան ջերմաստիճանը (մանրէները ոչնչանում են 700C և բարձր ջերմաստիճանում):

Տոնական օրերին սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

  • գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից,
  • գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին, պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին, պահման պայմաններին, ջերմաստիճանին, խանութներից պատրաստի կերակրատեսակներ ձեռք բերելիս՝ նաև պատրաստման և իրացման ժամկետներին,
  • աղցանները պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները, թթվասերն ու մայոնեզն ավելացնել անմիջապես ուտելուց առաջ՝ ըստ մատուցվող չափաբաժնի,
  • խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավելի,
  • ձեռքերն անպայման լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքի հետ շփվելուց հետո, հում և պատրաստի մթերքի մշակման ժամանակ օգտագործել առանձին մասնատման տախտակներ, դանակներ,
  • սառնարանում հում և պատրաստի սննդամթերքը տեղադրել առանձին դարակաշարերի վրա փակ տարաներում՝ հումը դնելով պատրաստիից ներքև,
  • մանրազնին լվանալ կանաչին, միրգը և բանջարեղենը նախքան օգտագործելը,
  • գնել միայն գործարանային արտադրության պահածոներ, իսկ տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելու դեպքում եռացնել 15-20 րոպե՝ բոտուլիզմից խուսափելու նպատակով,
  • չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
  • եթե վատ եք զգում, հատկապես եթե առկա են մարսողության խանգարումներ, սրտխառնոց, ցավեր որովայնի շրջանում, զերծ մնալ սնունդ պատրաստելուց և դիմել բժշկի,
  • ալկոհոլային թունավորումից խուսափելու նպատակով չչարաշահել ալկոհոլային խմիչքները և օգտագործել միայն շշալցված, գործարանային արտադրության խմիչք:
Leave a reply