Արգանդի պարանոցի քաղցկեղը հանրային առողջության արդի խնդիրներից մեկն է, որը հնարավոր է կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղի կանոնավոր հետազոտությունների և մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ ժամանակին կատարվող պատվաստումների շնորհիվ։

Հայաստանի Հանրապետությունում արգանդի պարանոցի քաղցկեղի տարածվածությունը նվազեցնելու և կանխարգելելու նպատակով հանրապետությունում 2015 թ. մեկնարկել է ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային ծրագիրը, որի շրջանակներում 30-60 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով իրականացվում է բջջաբանական հետազոտություն (ՊԱՊ քսուկի հետազոտություն), իսկ 2017 թ. մարդու պապիլոմավիրուսի դեմ
պատվաստումները ընդգրկվել են պատվաստումների ազգային օրացույցում, որոնք նախատեսված էին միայն 13 տարեկան աղջիկների համար։ Սակայն այսօր արդեն, համաձայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանի, 14-45 տարեկան անձանց ևս հնարավորություն է տրվել անվճար պատվաստվել ՄՊՎ դեմ։ Հանրապետությունում պատվաստանյութի ներդման օրվանից սկսած մինչ օրս պատվաստում են ստացել 2050 քաղաքացիներ, որոնց մոտ հետպատվաստումային որևէ արտասովոր երևույթ չի գրանցվել։

Արգանդի պարանոցի քաղցցկեղը կանխարգելելու նպատակով ՄՊՎ պատվաստում ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել իրենց տարածքային պոլիկլինիկաներ։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում կանանց շրջանում մտահոգիչ է վիճակագրությունը կրծքագեղձի, արգանդի պարանոցի և արգանդի մարմնի հիվանդացության և մահացության առումով: 2017 թ. դրությամբ արձանագրվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 262 նոր դեպք, որոնցից 80%-ը գրանցվել է 40-69 տարիքային խմբերում, իսկ դեպքերի 62%-ը հայտնաբերվել է III և IV փուլերում: Հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 3116 (2002թ. համեմատ աճել  է 1.4 անգամ` 2239 դեպք), իսկ մահման դեպքերինը` 75
դեպք:

Leave a reply