Ի՞նչ է սեզոնային գրիպը

Սեզոնային գրիպը սուր շնչառական վիրուսային հիվանդություն է, որի հարուցիչը գրիպի վիրուսներն են, որոնք շրջանառում են ամբողջ աշխարհում:  Սուր շնչառական վիրուսային հիվանդությունները բնութագրվում են մարդու շնչառական համակարգի ախտահարումով: Այս հիվանդություններն ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլ նաև ընդհանուր հիվանդացության կազմում:

  • Կարդալ մանրամասն

    Սեզոնային գրիպին բնորոշ են հետևյալ ախտանշանները. ջերմության հանկարծակի բարձրացում, հազ, գլխացավ, մկանային ցավեր, հոդացավեր, ընդհանուր թուլություն, կոկորդի ցավ և հարբուխ: Հազը կարող է տևել 2 շաբաթ և ավել: Հիվանդների մեծ մասի մոտ ախտանշաններն անցնում են մեկ շաբաթվա ընթացքում, առանց որևէ բժշկական օգնության: Սակայն, հատկապես ռիսկի խմբին պատկանող մարդկանց մոտ, գրիպը կարող է ծանր ընթացք ունենալ և մահվան պատճառ դառնալ:

    Գրիպի համաճարակների հետևանքով տարեկան արձանագրվում է 3-5 միլիոն ծանր ընթացքով դեպք: Սուր շնչառական հիվանդությունների հետևանքով տարեկան մահանում է 290000-ից 650000 մարդ։

    Գոյություն ունի սեզոնային գրիպի վիրուսի 4 տեսակ՝ Ա, Բ, Ց, Դ: Ա և Բ տեսակները շրջանառում են և առաջացնում  հիվանդության սեզոնային համաճարակներ:

    • Գրիպի Ա տեսակի վիրուսները բաժանվում են ենթատեսակների՝ վիրուսի մակերեսային սպիտակուցների հեմագլյուտինինի (H)և նեյրամինիդազայի (N) համադրությանը համապատասխան: Ներկայումս մարդկանց մոտ շրջանառում են գրիպի վիրուսի Ա տեսակի A(H1N1)և A(H3N2) ենթատեսակները: Գրիպի Ա տեսակի վիրուսին բնորոշ է ժամանակի ընթացքում նոր ենթատեսակների առաջացումը` մուտացիայի շնորհիվ, ինչպես նաև համավարակի ներուժով տարածումը: Համավարակի ներուժով հիվանդությունը տարածվում է տարբեր աշխարհամասերում: Համավարակի ներուժով գրիպի տարածումը պայմանավորված է գրիպի վիրուսի նոր ենթատեսակով, որը մարդկային պոպուլյացիայի համար անհայտ և անսովոր հարուցիչ է, հեշտությամբ կարող է փոխանցվել մարդուց մարդուն և վարակված մարդկանց մեծամասնության համար հիվանդության և մահացության պատճառ դառնալ: Համավարակի ներուժով հիվանդության տարածումից հետո վիրուսի այդ ենթատեսակը դառնում է սովորական և դրանով հետագայում հարուցվում է սեզոնային գրիպ, որն ունի սեզոնայնություն: Մինչև 2009 թվականը շրջանառող սեզոնային գրիպի A(H1N1) ենթատեսակը փոխվել է և 2009 թվականին տարածվել է համավարակային ներուժով: A(H1N1) ենթատեսակը նշվում է նաև A(H1N1)pdm09: Հայտնի է, որ համավարակային ներուժով տարածվում են միայն Ա տեսակի գրիպի վիրուսները: Գրիպի Բ տեսակի վիրուսները ենթատեսակների չեն բաժանվում, սակայն կարող են ստորաբաժանվել ըստ ծագման վայրի: Ներկայումս շրջանառող գրիպի վիրուսի Բ տեսակները պատկանում են Բ/Յամագատա և Բ/Վիկտորիա շարքին:  
    • Մարդիկ գրիպով հիվանդանում են ցանկացած տարիքում, բայց կան բնակչության խմբեր, որոնք ենթակա են բարձր ռիսկի։ Հիվանդության ծանր ընթացքի կամ բարդությունների առաջացման բարձր ռիսկի ենթակա են.

    ա. հղի կանայք,

    բ. մինչև 59 ամսական երեխաները,

    գ. տարեցները (65 տարեկանից բարձր տարիքի անձինք),

    դ. քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք (սրտի, թոքերի և երիկամների քրոնիկական հիվանդությունները, նյութափոխանակության, նյարդաբանական զարգացման խանգարումներ, լյարդի և արյան հիվանդություններ) և իմունային անբավարարություն ունեցող անձինք (ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, քիմիոթերապիայի կամ ստերոիդներով բուժման հետևանքով, ինչպես նաև չարորակ նորագոյացությունների հետ կապված):

    • Բուժաշխատողները հիվանդների հետ շփման ժամանակ ենթարկվում են գրիպի վիրուսով վարակման բարձր ռիսկի և կարող են նպաստել վարակի հետագա փոխանցմանը, հատկապես ռիսկի խմբի անձանց:
    • Փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ զինծառայողներ, երեխաների, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը նույնպես վարակման բարձր ռիսկի են ենթարկվում:
  • Լուսանկար

  • Տեսանյութեր