Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է տուբերկուլոզի միկոբակտերիաներով: Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային, հազվադեպ՝ նաև ալիմենտար (սննդի հետ) ճանապարհով։ Հարուցիչները, օդի միջոցով թափանցելով մարդու օրգանիզմ, ախտահարում են առաջին հերթին շնչառական համակարգը: Կարող են ախտահարվել նաև մարդու օրգանիզմի այլ օրգան համակարգեր՝ առաջացնելով ծանր հիվանդություններ:
Վարակի հիմնական աղբյուրը թոքերի տուբերկուլոզով հիվանդ մարդն է: Երկրորդական դեր ունեն վարակի մյուս աղբուրները՝ տուբերկուլոզով հիվանդ ընտանի կենդանիները (խոզերը, կատուները, շները, թռչունները), որոնցից մարդը կարող է վարակվել ինչպես օդակաթիլային, այնպես էլ կոնտակտային (շփման միջոցով) ճանապարհով։
Հիվանդության առաջացմանը նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները՝ թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ քրոնիկական հիվանդություններ (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն, խրոնիկական ալկոհոլիզմ և այլն), որոնք թուլացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։
Առավել հաճախ տոբերկուլոզը ախտահարում է շնչառական համակարգը և այս ձևն առավել վտանգավոր է վարակի տարածման առումով։ Տուբերկուլոզը նաև հանդիսանում է ՄԻԱՎ-ով հիվանդների մահվան հիմնական պատճառներից մեկը:
Տուբերկուլոզի հարուցիչներ կան ամենուր։ Տուբերկուլոզի հարուցիչը հայտնաբերվել է 1882 թվականի մարտի 24-ին գերմանացի աշխարհահռչակ միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի կողմից (Ռ. Կոխը հայտնաբերել է նաև սիբիրյան խոցի և խոլերայի հարուցիչները), ինչի կապակցությամբ 1905 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում: Կապված այդ հայտնագործության հետ՝ ԱՀԿ-ի որոշմամբ 1982 թվականից մարտի 24-ը նշվում է որպես տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր՝ նվիրված հայտնագործության 100 ամյակին:
Տուբերկուլոզի ախտանշաններն են.
- Դյուրհոգնելիություն, թուլություն,
- Գլխացավեր,
- Ախորժակի բացակայություն, քաշի կորուստ,
- Քրտնարտադրություն,
- Երկար ժամանակի ընթացքում մարմնի ջերմաստիճանի մերթընդմերթ բարձրացում մինչև 38° C,
- Գունատություն,
- Երեխաների մոտ ֆիզիկական զարգացման դանդաղում,
- Ավշային հանգույցների մեծացում,
- Հազ։
Եթե կասկածում եք, որ ձեր մոտ տուբերկուլոզ է, այսինքն վերը թվարկած նշանները առկա են՝ առաջին հերթին անհրաժեշտ է դիմել բժշկի և կատարեք բժշկի կողմից տրված բոլոր ցուցումները.
Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պատվաստումը ընդգրկված է պատվաստումների ազգային օրացույցում՝ յուրաքանչյուր նորածին ծնվելուց հետո առաջին օրերին ստանում է «ԲՑԺ» պատվաստում: Լրացուցիչ պատվաստում կարող է կատարվել 12 կամ 16 տարեկան հասակում, ինչպես նաև հիվանդների հետ սերտ շփված մեծահասակներին:
Կարևոր կանխարգելիչ միջոցառում է թոքերի պարբերական ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս տուբերկուլոզի ախտորոշումը վաղ փուլերում՝ հետևաբար հեշտացնում և արդյունավետ է դարձնում բուժումը:
Leave a reply