Կենսանվտանգություն

Կենսանվտանգությունը միջոցառումների համալիր է ուղղված մարդկանց, կենդանիների, բույսերի կենսաբանական ազդակներով կամ դրանց մասնիկներով ուղղակի կամ անուղղակի չարաշահումից պաշտպանությանը: Այն անքակտելիորեն կապված է կենսապահության համակարգին, որն ուղղված է կենսաբանական գործոնով պայմանավորված սպառնալիքների, ահաբեկչության հայտնաբերմանը, կանխարգելման և արձագանքման ոլորտում, այդ թվում՝ լաբորատոր կարողությունների ամրապնդմանը:

Կենսանվտանգության համակարգը, ըստ միջազգային մոտեցումների, իր մեջ ներառում է լաբորատոր տեղեկատվական, պետական սահմանի անցման կետերում կենսաբանական գործոնի առնչությամբ գործընթացների, վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության, կլիմայի գլոբալ փոփոխության հետ կապված խոցելիության և հարմարողականության մեխանիզմների ձևավորման, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հետ կապված անվտանգության, հիվանդների բժշկական օգնության և սպասարկման, կենսաէթիկայի և այլն, ինչպես նաև լաբորատոր կենսանվտանգության, կենսատեխնոլոգիական հետազոտությունների կառավարման միասնական պահանջները, գործընթացները, ընթացակարգերը, ինչպես նաև դրանց կառավարման մեխանիզմները՝ միասնական հարթակում։

Կենսանվտանգության համակարգի գործունեությունն ուղղված է նոր տիպի կենսաբանական սպառնալիքների հայտնաբերմանը, «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների» կիրառման անվտանգությանը, օրինական գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված կենսաբանական նյութերի, պատրաստուկների և դրանց հետ կապված հարակից նյութերի չարտոնված կիրառման (վտանգավոր կենսաբանական ազդակների ստեղծում և տարածում) կանխարգելմանը, կենսաբանական վտանգների ու սպառնալիքների առաջացման հետ կապված չկանխատեսված իրավիճակների կանխմանը, արձագանքման համակարգային կառավարմանը: