Համընդհանուր լաբորատոր ցանց

Համընդհանուր լաբորատոր ցանցը՝ կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների հետ աշխատող առանձին լաբորատորիաները (անկախ՝ կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելիությունից, մակարդակներից) և/կամ առանձին ոլորտներում գործող լաբորատոր ցանցերը համախմբող (համապատասխան քաղաքացիա-իրավական պայմանագրի կնքմամբ) համագործակցային մեխանիզմ է:

Նպատակ: Համընդհանուր լաբորատոր ցանցն (այսուհետ՝ ՀԼՑ) ուղղված է ՀՀ-ում գերակա հիվանդությունների արդյունավետ վերահսկմանն ու կանխարգելմանը, հանրային առողջապահության ոլորտում ‹‹Միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» ներկայացնող դեպքերի հայտնաբերմանն ու արագ արձագանքմանը, դրանց կանխարգելմանը, խորհրդատվությունների, տեղեկատվական հաղորդակցման, կադրերի ուսուցման, մեթոդագործնական աջակցման, փորձի փոխանակման, ինչպես նաև որակի, կենսանվտանգության և կենսապահովության կառավարման համակարգերի ներդրման միջոցով լաբորատոր համակարգի կարողությունների շարունակական զարգացմանը, բարձրորակ, ճշգրիտ, անժամանակավրեպ և անվտանգ գործելակարգի ամրապնդմանը, հիվանդությունների կանխարգելման գործընթացների զարգացմանն ու հետևելիությանը: Այս մեխանիզմի շնորհիվ ՀՀ լաբորատոր համակարգը ձեռք կբերի լաբորատոր հետազոտական տվյալների ստացման վստահելի, միմյանց և միջազգային լաբորատորիաների հետ համադրելի գործելակարգ:

Իրավական հիմք: ՀՀ լաբորատոր կարողությունների զարգացման մի շարք պարտավորություններ բխում են ոլորտը կանոնակարգող միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված պահանջներից, որոնց մեր երկիրը կողմ կամ մասնակից է, հետևաբար դրանք ընդունվել կամ տեղայնացվել են, մասնավորապես․

  1. «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիա (այսուհետ՝ ԿԶԿ),
  2. «Քիմիական զենքի մշակումը, արտադրությունը, կուտակումը և կիրառումը արգելելու և այն վերացնելու մասին» կոնվենցիա (այսուհետ՝ ՔԶԱԿ),
  3. Միավորված ազգերի կազմակերպության՝ ՄԱԿ 1540-բանաձևը (2004),
  4. Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոններ (2005) (այսուհետ՝ ՄԱ Կանոններ):

ՄԱ Կանոնները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են ՀՀ կառավարության 2009 թ. հոկտեմբերի 22-ի N 44 արձանագրային որոշմամբ, որով սահմանվել է պահանջ՝ ստեղծելու «Համընդհանուր լաբորատոր ցանց»: Վերջինս ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի «Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագրին և 2013-2014 թվականների միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 20 արձանագրային որոշմամբ, համաձայն որի, Համընդհանուր լաբորատոր ցանցը առողջապահական, անասնաբուժական և այլ շահագրգիռ ոլորտների լաբորատոր համակարգերը և առանձին լաբորատորիաները ինտեգրող համապարփակ ցանց է, որի շնորհիվ երկրի լաբորատոր կարողությունները համապատասխանում են ՄԱ Կանոնների կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոնների հայտնաբերման, արձագանքման, ինչպես նաև կենսանվտանգության, կենսապահովության, որակի կառավարման ժամանակակից պահանջներին: Մշակվել են լաբորատոր ոլորտը կանոնակարգող շուրջ 400 իրավական ակտեր:

Համընդհանուր լաբորատոր ցանցը եռամակարդակ է՝

  1. ազգային մակարդակ՝ ներառում է բոլոր ռեֆերենս լաբորատորիաները և ոլորտային լաբորատոր ցանցերը,
  2. մարզային մակարդակ՝ ներառում է Համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված մարզային նշանակության լաբորատորիաները,
  3. տարածքային մակարդակ՝ ներառում է Համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված տարածքային նշանակության լաբորատորիաները: