Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Հեպատիտը բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում է լյարդը: Ալկոհոլը, թույները/տոքսինները, վարակիչ հիվանդությունների հարուցիչները կարող են առաջացնել հեպատիտ: Վիրուսային հեպատիտներ ավելի հաճախ առաջացնում են հեպատիտ Ա-ի, Բ-ի, Ց-ի, Դ-ի, Ե-ի վիրուսները: Աշխարհում առավել տարածված են վիրուսային հեպատիտներ Ա-ն, Բ-ն, Ց-ն:
ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏ Ա
Վիրուսային հեպատիտ Ա-ն վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը հեպատիտ Ա-ի վիրուսն է: Հիվանդության ինկուբացիոն շրջանը 7-ից 50 օր է:
Հեպատիտ Ա-ն փոխանցվում է.
- վարակված խմելու ջրի օգտագործման կամ վարակված ջրում լողալու հետևանքով,
- ոչ պատշաճ լվացված մրգերի և բանջարեղենի օգտագործման արդյունքում,
- հիվանդ անձի հետ անմիջական կամ վերջինիս խնամքի պարագաների հետ շփման միջոցով:
Վիրուսային հեպատիտ Ա-ի ախտանշաններն են.
- ընդհանուր թուլություն,
- հոգնածություն, գլխացավ,
- մկանացավ և հոդացավ,
- սրտխառնոց, փսխում,
- մաշկաքոր,
- ջերմության բարձրացում (37° — 38,5° С),
- փորլուծություն մանկահասակ երեխաների մոտ,
- սուր ցավեր որովայնի վերին հատվածում դեռահասների և մեծահասակների մոտ,
- մաշկի և աչքերի լորձաթաղանթի դեղնություն
- մեզի գույնի մգեցում, կավագույն կղանք։
Ինչպես կանխարգելել Վիրուսային հեպատիտ Ա-ն.
- Պատվաստվել հեպատիտ Ա-ի դեմ,
- Պահպանել անձնական հիգիենայի կանոնները` լվացե՛ք ձեռքերը սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո,
- Չօգտագործելառանց եռացնելու բաց ջրամբարների ջուրը խմելու նպատակով,
- Միրգ և բանջարեղեն օգտագործելուց առաջ վերջիններս լվանալ հոսող խմելու ջրով:
ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ ԵՎ Ց
Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ն և Ց-ն հիմնականում ընթանում են առանց որևէ ախտանշանների։
Վիրուսային հեպատիտներ Բ-ն և Ց-ն փոխանցվում են բնական և արհեստական ճանապարհով.
Բնական ճանապարհով փոխանցում`
- սեռական ճանապարհ,
- մորից երեխային (հղիության և ծննդաբերության ժամանակ),
- կոնտակտային (վիրուսը փոխանցվում է սուր և քրոնիկ ընթացքով հիվանդներից, հակածնակիրներից ընկալունակ անձանց): Այս ճանապարհով վարակումը հիմնականում դիտվում է ընտանիքներում, կազմակերպված կոլեկտիվներում՝ կենցաղում վիրուսով աղտոտված անձնական հիգիենայի պարագաների՝ ատամի խոզանակի, ածելիի և այլնի միջոցով:
Արհեստական ճանապարհով փոխանցումը իրականացվում է բուժական և ախտորոշիչ միջամտությունների (արյան փոխներարկման, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, հեմոդիալիզի, ինչպես նաև աղտոտված բժշկական նշանակության իրերի օգտագործման) միջոցով:
Վիրուսային հեպատիտ Բ-ն և Ց-ն լինում են սուր և քրոնիկ ընթացքով:
Սուր վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի ախտանշաններն են`
- ընդհանուր թուլություն,
- հոգնածություն, գլխացավ,
- հոդացավ,
- ախորժակի կորուստ,
- ցավ աջ ենթակողային հատվածում,
Ինչպես կանխարգելել վիրուսային հեպատիտ Բ-ն և Ց-ն.
- Պատվաստվել հեպատիտ Բ-ի դեմ (հիշել, որ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութ չկա),
- օգտագործել պահպանակներ սեռական հարաբերությունների ժամանակ,
- օգտագործել անհատական սափրվելու պարագաներ, ատամի խոզանակ, եղունգների հարդարման պարագաներ,
- Պահանջել, որպեսզի մաշկի և լորձաթաղանթի դակումը, մատնահարդարումը, ոտնահարդարումը և դաջվածքները իրականացվեն մանրէազերծված գործիքներով: