Բազմիցս անդրադարձել ենք այս հարցին, սակայն մեկ անգամ ևս անդրադառնանք: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման, որ հրապարակվել է 2017 թվականի մայիսին և իր մեջ ներառել է բոլոր վերջին գիտական հետազոտությունները, ՄՊՎ 16 և ՄՊՎ 18 շճատիպերով պայմանավորված են արգանդի պարանոցի քաղցկեղի 71% դեպքերը: Ավելի ստույգ, դեպքերի 60.6% (95% ՎՄ: 59.6-61.6) վերագրվում են ՄՊՎ-16 շճատիպին և 10.2% (95% ՎՄ: 9.6-10.9)՝ ՄՊՎ-18 շճատիպին: Վերոհիշյալի մասին են փաստում նաև հետևյալ գիտական հետազոտությունները, որոնք հրապարակվել են այնպիսի հեղինակավոր գիտական ամսագրերում, ինչպիսիք են Lancet Oncology, EurJCancer.

  1. de Sanjose S et al. Human papillomavirus genotype attribution in invasive cervical cancer: a retrospective cross-sectional worldwide study. Lancet Oncology, 2010;11:1048–1056.
  2. Serrano B et al. Human papillomavirus genotype attribution for HPVs 6,11,16,18,31,33,45,52 and 58 in female anogenital lesions. EurJCancer. 2015;51(13):1732–1741

Ինչ վերաբերվում է ներկայացված հետազոտություններին, ապա պետք է նշել, որ.

  1. Հետևյալ հղումով http://www.jpmh.org/index.php/jpmh/article/viewFile/229/211 Հարավային Իտալիայի շրջանների կանանց մոտ տարածված ՄՊՎ շճատիպերի վերաբերյալ հոդվածի «Summary»-ի «Results» բաժնում նշված է, որ արգանդի պարանոցի քաղցկեղ /HSIL/ ունեցող կանանց 60%-ի մոտ հայտնաբերվել են 16 և 18 շճատիպերը:
  2. Այս հղումով https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/23717420 ներկայացված հետազոտությունն իրականացվել է 1996-ից 2009թթ. ընդամենը 155 կնոջ շրջանում: Հոդվածի մեջ նշված է, որ ընտրանքը կարող էր ազդել հետազոտության արդյունքների վրա:
  3. Իսկ այս հղումով https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/23016783 հոդվածում, նշվում է, որ բոլոր տարիքային խմբերում առավել տարածված են ՄՊՎ-16 և ՄՊՎ-31 շճատիպերը:

Հարկ է նշել, որ վերոհիշյալ հոդվածները մեկնաբանվում են միակողմանի: Դրա վառ ապացույցներից է նաև այն փաստը, որ չնայած վերոհիշյալ հետազոտություններն իրականացվել են Իտալիայում, այնուամենայնիվ ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն ընդգրկված են Իտալիայի Պատվաստումների ազգային օրացույցում: Պատվաստումների ընդգրկվածությունը տարբեր տարիքային խմբերում և երկրի տարբեր նահանգներում տարբեր է, ավելի բարձր է 12-15 տարեկան տարիքային խմբում` միջինը կազմում է 70%:

Leave a reply