Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, և հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումները ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում՝ հիմնականում գարնան և ամռան ամիսներին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճի և բազմացման համար:
Աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ առավել հաճախ դառնում են լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, աղտոտված խմելու ջուրը, ինչպես նաև ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ու «կեղտոտ» ձեռքերը:
Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները (ՀՀ-ում աղիքային վարակների ընդհանուր մոտ 70% արձանագրվում է մինչև 6 տարեկանների շրջանում)։
Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու նպատակով՝ ԱՆ հիվանդությունների և վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ հորդորում է.
- հոսող ջրով լավ լվանալ մրգերն ու բանջարեղենը նախքան օգտագործելը,
- սննդամթերքը պահել փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու նպատակով,
- շուտ փչացող սննդամթերքը պահել սառնարանում,
- լվանալ ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո,
- խուսափել սննդամթերքի վաճառքի համար չնախատեսված վայրերից սննդամթերքի գնումից,
- չօգտագործել կասկածելի ջուր, եթե բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա օգտագործել միայն եռացնելուց հետո,
- անհապաղ դիմել բժշկի աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում,
- ծորակի ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո։