2019 թ. մեկնարկում է «Առողջ ապրելու ԻՄ քայլը» ծրագիրը։ Ծրագրով նախատեսվում է առաջնային օղակի բժիշկների այցելություն այն բնակիչներին, որոնք վերջին տարվա ընթացքում չեն հաճախել բուժհիմնարկ: Ծրագրի իրականացման ընթացքում մասնագետներն իրենք կփորձեն հայտնաբերել առավել տարածված այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են զարկերակային հիպերտենզիան և շաքարային դիաբետը: Ի դեպ, բնակչության հենց նշված թիրախային մասն էլ կստանա մասնագիտական խորհրդատվություն ֆիզիկական ակտիվության և վերջինիս խթանման կարևորության վերաբերյալ:

Ծրագրի մեկնարկային փուլում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները հանդիպել են բժիշկների հետ, ևս մեկ անգամ ներկայացրել մեթոդաբանությունը, ինչպես նաև տրամադրել այցելուների համար նախատեսված հուշաթերթեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի հակափաստարկել ֆիզիկական ակտիվությունն ավելացնել չցանկացողների պատճառաբանություններին:

Դեռևս 2018 թ. ապրիլ ամսին հանրապետության Արմավիրի և Արարատի մարզերում մեկնարկել էր բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում ավելի քան 8700 քաղաքացի ստացել է հատուկ խորհրդատվություն առաջնային օղակի մասնագետների կողմից։ Համաձայն իրականացվող աշխատանքների մոնիթորինգի արդյունքների՝ 2019 թ. հունվարին (2018 թ. մայիսի տվյալների համեմատ) աճել է բավարար ֆիզիկական ակտիվություն ցուցադրողների տոկոսը՝ 18 %-ից մինչև 26 %, իսկ նստակյաց կյանք վարող քաղաքացիների թիվը 23 %-ից նվազել է մինչև 19 %:

Նշենք, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ շաբաթական 150 րոպե (2 ժամ 30 րոպե) տևողությամբ չափավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է վաղաժամ մահացության, սրտի իշեմիկ հիվանդության, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ուղեղի կաթվածի, արյան գերճնշման և դեպրեսիայի զարգացման ռիսկը, իսկ շաբաթական 150-300 րոպե (5 ժամ) տևողությամբ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է հաստ աղու, կրծքագեղձի քաղցկեղի և ավելորդ քաշի զարգացման ռիսկը:

Leave a reply