Շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով՝ պայմանավորված ինսուլինի արտազատման և ազդեցության խանգարումներով կամ դրանց համակցմամբ:
Հիվանդությունն առաջացնում է նյութափոխանակության խանգարումներ, անոթային, նյարդային, ինչպես նաև այլ օրգան համակարգերի ախտահարումներ:
Շաքարային դիաբետի առաջնային ախտանշաններն են շարունակական անհագ ծարավը, շարունակական անհագ քաղցը, առատ միզարտադրությունը, մարմնի քաշի կորուստը, ինչպես նաև բերանի լորձաթաղանթի և շուրթերի չորությունը, իսկ երկրորդային ախտանշաններն են մաշկի և լորձաթաղանթների անդիմադրելի քորը, մաշկի դժվար բուժվող բորբոքումները, ընդհանուր մկանային թուլությունը, տեսողության խանգարումները։
Հիվանդությունը կարելի է կանխարգելել՝ վարելով առողջ ապրելակերպ, իսկ մահացության ցուցանիշները հնարավոր է նվազեցնել վաղաժամ ախտորոշման և բուժման շնորհիվ: Անհրաժեշտ է խուսափել ավելորդ քաշից՝ նվազեցնելով հատկապես բարձր կալորիականությամբ սննդամթերքի ընդունումը, հատկապես շաքարի, շաքար պարունակող սննդամթերքի օգտագործումը. շաքարի և շաքարավազի փոխարեն անհրաժեշտ է օգտագործել թարմ մրգեր (գերազանցապես, խնձոր, նարինջ, կարմիր հաղարջ):
Շատ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվ կենսակերպը: Շաբաթական 150 րոպե միջին ծանրաբեռնվածության ֆիզիկական վարժությունները (արագ քայլ, հեծանիվ կամ ռիթմիկ կրկնվող աէրոբիկ վարժություններ) 50 %-ով նվազեցնում են շաքարային դիաբետի առաջացման ռիսկը: Ինչպես նաև անհրաժեշտ է հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից. ծխելը և ոգելից խմիչքների չարաշահումը մեծացնում են շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը։
Leave a reply