Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օձի խայթոցից թունավորումների ցուցանիշն աճել է 1.4 անգամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սա պայմանավորված է հողագործական և շինարարական աշխատանքների ակտիվացմամբ, որն օձերին ստիպում է տեղաշարժվել, լքել նախկին բնակավայրերը և թաքնվել մարդկանց ավելի մոտ «թաքստոցներում»՝ տների նկուղներում, տնամերձ այգիներում, ինչու չէ նաև զբոսայգիներում: Եղանակի տաքացման արդյունքում էլ օձերը դուրս են գալիս թաքստոցից` զով, ստվերոտ տեղ գտնելու, ինչն էլ ավելի հավանական է դարձնում մարդկանց հետ «շփումը»:

Այս տարի Հայաստանում արձանագրվել է օձի խայթոցից թունավորման 53 դեպք, որից 9-ը Երևանում, 44-ը՝ մարզերում։ Առաջին դեպքն արձանագրվել է մարտի 22-ին մայրաքաղաքում։ Օձի խայթոցից թունավորվածների 81.1%-ը տղամարդիկ են, իսկ դեպքերի 17%-ը արձանագրվել է մանկական ազգաբնակչության շրջանում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է օձի խայթոցից թունավորման 39 դեպք, որից 10-ը Երևանում, 29-ը՝ մարզերում։ Առաջին դեպքն արձանագրվել է մարտի 5-ին:

Օձերի խայթոցից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս՝

  • զբոսնելիս խուսափել բարձր խոտերից, հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ և տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ,
  • հագնել երկարաճիտ և ամուր կոշիկներ,
  • օձ պատահելիս չտրորել, չանհանգստացնել, լինել ուշադիր և հետ վերադառնալ նույն ճանապարհով,
  • հաշվի առնելով, որ օձերը լսում են հողի ցնցումները և տատանումները, այնտեղ, որտեղ կա օձերի առկայության հավանականություն՝ վերցնել ծանր փայտ և հարվածել հողին:

Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է՝

  • սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել,
  • եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացնել այն,
  • տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն),
  • ահազանգել կամ կազմակերպել տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվան­դանոց, որտեղ նրան արդեն մասնագիտական օգնություն կցուցաբերեն և հակաթույն կներարկեն։ Ցանկալի է, որպեսզի հակաթույնի առաջին դեղաչափը հիվանդը ստանա գոնե 6 ժամվա ընթացքում։

Օձի խայթոցի դեպքում արգելվում է.

  • խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան կամ ժգուտ դնել,
  • խայթոցի տեղում կտրվածք անել, սառույց դնել կամ այրել,
  • տուժածին ալկոհոլ առաջարկել, տալ ուժեղ ազդող դեղեր, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը:

 

Ի դեպ, Հայաստանում հանդիպող թունավոր օձերից են տափաստանային  իժը, դարևսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան։

Օձի խայթոցից հետո աստիճանաբար ի հայտ են գալիս հետևյալ նշանները՝ խայթոցի տեղում ցավ և այրոց, կարմրություն, մաշկի գույնի փոփոխություն, այտուց, որը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով: Տուժածը զգում է սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից, տեսողության և խոսքի խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ, շնչառության խանգարումներ։ Օձերի խայթոցի դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է տարբեր գործոններից՝ օձի տեսակից, չափից, անձի տարիքից, օձի թույնի քանակից, տարվա եղանակից, ինչպես նաև խայթոցի տեղակայումից։

Leave a reply