Ս. թ. դեկտեմբերի 16-ին Մոսկվայում կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) սանիտարական-համաճարակաբանական բարեկեցության ապահովման համար պատասխանատու հանդիսացող անդամ պետությունների ծառայությունների ղեկավարների վեցերորդ աշխատաժողովը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում սանիտարական-համաճարակաբանական բարեկեցության առկա սպառնալիքներին հակազդելու միջոցները։ Լիագումար նիստը բացել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար, գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան։
Աշխատաժողովին մասնակցել են ՇՀԿ անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները՝ Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Հնդկաստանից, Պակիստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև դիտորդ երկրները և ՇՀԿ երկխոսության գործընկեր հանդիսացող՝ Հայաստանը, Բելառուսը և Իրանը։
Համաժողովին Հայաստանը ներկայացրել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը, ով իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության փորձը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ կենսաբանական ոլորտում համագործակցությունն ու զարգացման հետագա հեռանկարները։
Ինչպես նշել է Աննա Պոպովան աշխարհի մի շարք երկրներում խոլերայի և ժանտախտի վերաբերյալ համաճարակաբանական իրավիճակը վատթարանում է, գրանցվում է կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի աճ, միշտ առկա է նոր վարակիչ վարակների առաջացման ռիսկ և հատուկ ուշադրություն է պետք դարձնել դեղակայուն մանրէների խնդրին։
Միևնույն ժամանակ, Աննա Պոպովան շեշտել է, որ Ռուսաստանում ստեղծվել է կենսաբանական պաթոգեն մանրէների և վարակիչ հիվանդությունների ախտորոշման եռաստիճան համակարգ, որի շրջանակներում Ռոսպոտրեբնադզորն արդեն տրամադրել է 17 մանրէաբանական շարժական լաբորատորիա Ղազախստանին, Ղրղզստանին, Բելառուսին, Հայաստանին, Տաջիկստանին, Ուզբեկստանին, Մոնղոլիային, Վիետնամին և Գվինեային, իսկ 2019-2021թթ. նախատեսվում է Ուզբեկստանին, Մոնղոլիային, Հայաստանին և Ղրղզստանին տրամադրել մասնագիտացված հակահամաճարակային բրիգադի շարժական համալիրներ (МК СПЭБ)։
Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպայում և աշխարհում առկա կարմրուկի նկատմամբ անբարենպաստ իրավիճակին։ Նշվել է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վերահսկման և համաճարակաբանական հսկողության աջակցության ոլորտում շարունակվում է համագործակցությունը գործընկեր պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ: Ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել ավելի քան 410 հազար մարդ, հետազոտվել է ավելի քան 140 հազար մարդ:
Աշխատաժողովի արդյունքների հիման վրա Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Ռուսաստանի առաջարկով, մինչև 2024թ. կմշակի ՇՀԿ տարածաշրջանում առկա համաճարակային սպառնալիքների դեմ պայքարի համատեղ գործողությունների պլան:
Leave a reply