Սուր աղիքային հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորումով և կլինիկական բազմազանությամբ։ Սալմոնելոզի վարակի աղբյուր են հանդիսանում կենդանիները և հիվանդ մարդիկ, այդ թվում նաև առողջ վարակակիրները: Հատկապես վտանգավոր են այն վարակվածները (նաև՝ առողջ վարակակիրները), ովքեր աշխատում են են սննդամթերքի արտադրության, սպառման և հանրային սննդի կազմակերպություններում Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։
Սալմոնելոզի հարուցիչը՝ սալմոնելաները (S. typhimurium, S. Enteritidis և այլն) կայուն են արտաքին միջավայրում՝ բաց քաղցրահամ ջրամբարներում, հողում, մսամթերքներում (այդ թվում՝ երշիկեղենում), ձվի մեջ և սառեցրած մսեղենում, սենյակային պայմաններում փոշու մեջ չեն ոչնչանում ամիսներ, իսկ ապխտած, պահածոյացված, աղի մեջ պահպանվող և սառեցրած մթերքներում պահպանում են կենսունակությունը։ Սենյակային փոշում սալմոնելաները կենսունակ են մինչև 60 օր, չորացած արտաթորանքներում՝ մինչև 4 տարի, -10° պայմաններում՝ 4 ամիս։ 18-20° ջերմության պայմաններում լավ զարգանում են տարբեր սննդամթերքում, մասնավորապես կաթնամթերքում և մսամթերքում։ Ոչնչանում են 85° ջերմության պայմաններում 1 ժամվա ընթացքում։
Հիվանդության գաղտնի շրջանը, 2-6 օր է, իսկ սննդային վարակման դեպքում կարող է տևել մի քանի ժամ: Վերջինիս դեպքում կլինիկական երևույթները զարգանում են ավելի բուռն։
Սալմոնելոզի հիմնական ախտանիշներն են՝ ջերմության կտրուկ բարձրացում, սարսուռ, թուլություն և բութ ցավեր մկաններում, ախորժակի անկում, անքնություն, սուր ցավեր պորտի շրջանում: Բնորոշ է մի քանի օր տևող սրտխառնոցը, փսխումը (կարող է սկսվել հիվանդության առաջինն իսկ ժամերից) և լուծը, վերջինս կարող է պարունակել արյան հետքեր։
Որպես կանոն, ավելի հաճախ հիվանդանում են երեխաները և մեծահասակները, ինչպես նաև թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ:
Ինչպես խուսափել սալմոնելոզով վարակվելուց
- Օգտագործել միայն ստուգված սննդամթերք, չգնել կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու
- Նախընտրելի է գործարանային փաթեթավորված մթերքները, որոնք ենթարկված են համապատասխան ստուգումների
- Թարմ միրգը և բանջարեղենը պարտադիր լվացեք առատ և հոսող ջրով
- Սառնարանում հում սննդամթերքը առանձնացրեք եփածից
- Խմեք միայն մաքուր և ախտահանված ջուր, կասկածի դեպքում օգտագործեք եռացնելուց հետո
- Մի լողացեք կասկածելի ջրամբարներում,
- Մշտապես լվացեք ձեռքերը հատկապես ուտելուց առաջ, զուգարանից, ինչպես նաև հասրակական տրանսպորտից օգտվելուց հետո
- Եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժմամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը:
Կարո՞ղ է արդյոք ձմերուկը սալմոնելոզային վարակի պատճառ հանդիսանալ.
Ինչպես հայտնի է, ձմերուկը աճում և հասունանում է անմիջապես հողի վրա, որտեղ մշտապես առակա են աղիքային վարակիչ հիվանդությունների տարբեր հարուցիչներ, այդ թվում նաև սալմոնելաներ: Ձմերուկի մակերեսը կարող է ախտոտվել ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից մինչև սպառողին հասնելու ճանապարհին և վաճառքի վայրերում՝ խանութում, շուկայում, նաև փողոցում:
Ձմերուկը ոչ հիգիենիկ պայմաններում պահելու դեպքում կամ աղտոտված ջրով լվանալիս, սալմոնելլայի հարուցիչները կարող են ձմերուկի ներսն անցել և աղտոտել պտղամիսը՝ թափանցելով ցողունային հատվածից, ինչպես նաև առանց լվանալու այն կտրելիս:
Նկարագրված են ձմերուկից սալմոնելոզի բռնկման դեպքեր: Այսպես սալմոնելոզային խոշոր բռնկումներ են նկարագրվել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում՝ 2012թ.-ին, Ավստրալիայում՝ 2014թ.-ին, ԱՄՆ-ում՝ 2011թ.ին և այլն:
Ուշադրություն — ձմերուկ գնելիս հաճախ վաճառողները ձմերուկի հասած լինելը հաստատելու համար առաջարկում են կտրվածք անել, այնուհետև կեղտոտ դանակով կտրում են արդեն աղտոտված ձմերուկը և կեղտը դանակի հետ թափանցում է ներս, որտեղ մանրէների աճի և բազմացման համար առկա են բարենպաստ պայմաններ՝ սննդային միջավայր և բարձր ջերմաստիճան: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ կտրված ձմերուկը դժվար կլինի մանրամասն լվանալ, հետևաբար տանը ձմերուկը կտրտելիս՝ այն կրկնակի աղտոտման է ենթարկվում:
Երբեք թույլ մի տվեք, որ վաճառողը կտրվածք անի ձմերուկի վրա, տանը կտրտելուց առաջ անպայման լվացեք հոսող մաքուր ջրի տակ:
Leave a reply