Չիկունգունյա տենդը սուր արբովիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուց մարդ՝ մոծակների միջոցով։
Մինչև 2013 թ. չիկունգունյա վիրուսով պայմանավորված հիվանդություն գրանցվել է Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների երկրներում։
Չիկունգունյա տենդի հարուցիչը արբովիրուսն է, որը պատկանում է Ալֆավիրուս (Alphavirus) ցեղի Տոգավիրուսների ընտանիքին (Togaviridae): Վիրուսն առաջին անգամ անջատվել է 1953 թվականին Տանզանիայում, ՌՆԹ վիրուս է, փոխանցվում է մոծակների խայթոցի միջոցով: Մոծակները վարակվում են հիվանդ մարդուն խայթելիս։ Վիրուսն արտաքին միջավայրում քիչ կայուն է, քայքայվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից և զգայուն է ախտահանի միջոցների նկատմամբ:
Մարդը Չիկունգունյա վիրուսի հիմնական տերն է: Չիկունգունյա վարակը փոխանցվում է հիվանդ մարդուն հիմնականում մոծակների արյունածծման ընթացքում, երբ մաշկը վնասվում է և վիրուսները թափանցում են օրգանիզմ։ Վարակի փոխանցումը հնարավոր է արյան և լաբորատոր նմուշների միջոցով (դեպքեր են գրանցվել լաբորատոր համակարգում աշխատողների շրջանում)։ Մորից երեխային փոխանցումը հանդիպում է հազվադեպ, հնարավոր է չիկունգունյա վիրուսի փոխանցումը նորածնին՝ ծննդաբերության ժամանակ:
Հիվանդության գաղտնի շրջանը միջինում 3-7 օր է։ Հիվանդությունը բնորոշվում է ջերմության բարձրացմամբ (>39°C), տարբեր տեղակայմամբ հոդացավերով, օրգանիզմը թուլացնող հոդային երկկողմանի ուժեղացող ախտանշաններով։ Լինում է նաև գլխացավ, մկանացավ, հոդաբորբ, շաղկապենու բորբոքում, սրտխառնոց/փսխում, մակուլապապուլյար ցան։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում նկարագրվում է լիմֆոպենիա, թրոմբոցիտոպենիա, կրեատինինի և լյարդի տրանսամինազների մակարդակի բարձրացում։ Որոշ հիվանդներ կարող են ունենալ ռևմատոլոգիական ախտանշաններ (օրինակ` տարբեր տեղակայման հոդացավեր, հոդաբորբեր, հոդապարկի բորբոքումներ) և ախտադարձ: Մահացությունը հազվադեպ է և տեղի է ունենում՝ հիմնականում մեծահասակների մոտ: Բարդություններ նկարագրվում են այն երեխաների մոտ, որոնք վարակվել են ծնվելու ընթացքում։ Մեկ անգամ հիվանդանալուց հետո անձը հետագայում դառնում է անընկալ չիկունգունյայի նկատմամբ:
Չիկունգունյա կասկածվում է՝ չիկունգունյայի առումով տեղաճարակային տարածաշրջան այցելած ջերմող հիվանդների մոտ, եթե առկա են տարբեր տեղակայման հոդացավեր։ Լաբորատոր ախտորոշումն իրականացվում է իմունաֆերմենտային հետազոտության թեստ-համակարգով IgM և IgG հետազոտությամբ։
Չիկունգունյա հիվանդության բուժման մասնահատուկ դեղամիջոցներ չկան։ Օժանդակող բուժման ընթացքում ցուցված է հանգիստ, ջրազրկման կանխարգելում (հեղուկների օգտագործում), հոդացավերի դեպքում՝ ոչ-ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (Ացետամինոֆենի (Tylenol) կամ պարացետամոլի օգտագործում), կորտիկոստերոիդներ, ֆիզիոթերապիա։ Հիվանդները պետք է պաշտպանված լինեն մոծակների խայթոցից հիվանդության առաջին ամսում՝ տեղային փոխանցման վտանգը նվազեցնելու համար։
Հիվանդության կանխարգելման համար գոյություն չունի պատվաստանյութ։ Անհատական պաշտպանության համար անհրաժեշտ է խուսափել մոծակների խայթոցից։ Չիկունգունյայի տեղաճարակային տարածքներ այցելուներին առաջարկվում է բնակվել այն շենքերում, որտեղ ցանցապատված են դռները և պատուհանները, սենքերում առկա է օդափոխության համակարգ, օգտագործել միջատավանիչ նյութերով քսուքներ, կրել երկարաթև հագուստ, մյուս մոծակներով փոխանցվող հիվանդություններից խուսափելու նպատակով:
Հիշեցնենք, որ Թայլանդի հարավային շրջանում առողջապահության ոլորտի մասնագետները վերջին շաբաթվա ընթացքում գրանցել են չիկունգունյայի ևս 424 դեպք։ Ընթացիկ տարում 17 նահանգներում գրանցվել է արդեն 1499, մահվան դեպքեր դեռևս չեն արձանագրվել։
Leave a reply