Մարդու պապիլոմավիրուսը կրկնակի ԴՆԹ պարունակող վիրուս է, որն ունի ավելի քան 200 շճատիպ։ Վիրուսը շատ տարածված է բնության մեջ և մարդկանց 80%-ը կյանքի ընթացքում վարակվում է պապիլոմավիրուսով։ Վարակվելու ռիսկին հավասարապես ենթարկվում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։
Վարակը փոխանցվում է մաշկ-մաշկ շփման միջոցով, հիմնականում սեռական ճանապարհով, սակայն վարակի փոխանցումը հնարավոր է նաև կոնտակտային ճանապարհով։ Վիրուսի անվանումը կապված է պապիլոմաներ առաջացնելու ունակության հետ։ Վիրուսը կարող է պահպանվել արտաքին միջավայրում և թափանցել օրգանիզմ մաշկի ամբողջականությունը խախտված հատվածների միջոցով։ Ներկայում հայտնի ՄՊՎ տեսակներից 15-ը դասակարգվում են որպես բարձր ռիսկի (16, 18, 31, 33, 35, 39, 45, 51, 52, 56, 58, 59, 68, 73 և 82), 3-ը` որպես հնարավոր բարձր ռիսկի (26, 53 և 66) և 12-ը` ցածր ռիսկի տեսակներ (6, 11, 40, 42, 43, 44, 54, 61, 70, 72, 81 և CP 6108):
Պապիլոմավիրուսային վարակների ժամանակ գաղտնի շրջանը բավականին երկար է՝ կես ամսից մինչև 20 տարի։ Բնորոշ է լատենտ /թաքնված/ ընթացքը՝ առանց ախտանշանների։ Նորմալ իմունային համակարգ ունեցող կանանց մոտ քաղցկեղը կարող է զարգանալ 15-20 տարի հետո՝ իսկ թուլացած իմուն համակարգի դեպքում՝ 5-10
տարի հետո (http://apps.who.int/i…/bitstream/10665/255353/1/WER9219.pdf…):
Աշխարհում տարեկան գրանցվում է արգանդի քաղցկեղի մոտ 630,000 դեպք, որոնցից 530,000–ը (84%) արգանդի պարանոցի քաղցկեղ է, նրանցից 71%-ը պայմանավորված է 16 և 18 տիպի ՄՊՎ-ով: Արդյունքում ողջ աշխարհում տարեկան գրանցվում է արգանդի պարանոցի քաղցկեղից մոտ 266,000 մահվան դեպք, որը կազմում է կանանց շրջանում քաղցկեղով պայմանավորված մահացության 8%-ը: ՄՊՎ 16 և 18 շճատիպերով են պայմանավորված առնանդամի քաղցկեղի 85%-ը, հետանցքի քաղցկեղի՝ 87%-ը: Սրանք ՄՊՎ վարակով պայմանավորված երկրորդ և երրորդ ամենատարածված քաղցկեղներն են, համապատասխանաբար՝ տարեկան 38000 և 35000 դեպք:
Գարդասիլ քառավալենտ պատվաստանյութը պաշտպանում է նաև ՄՊՎ 31, 33, 45 շճատիպերից՝ խաչաձև իմունիտետի արդյունքում:
Leave a reply