1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր:
Տուբերկուլոզը (պալարախտ, թոքախտ) քրոնիկական վարակիչ հիվանդություն է: Առաջին հերթին տուբերկուլոզի հարուցիչն ախտահարում է թոքերը: Տարբերում են հիվանդության բաց և փակ ձևերը: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` այն երկրագնդում ամենատարածված հիվանդություններից է: Դեռևս մ.թ.ա 27-րդ դարում եգիպտական մումիաների կմախքներում հայտնաբերել են տուբերկուլոզային ախտահարումների դեպքեր:
Մ.թ.ա. 18-րդ դարում, եթե կինը հիվանդ էր տուբերկուլոզով, ապա օրենքով թույլատրում էին ամուսնալուծվել: Հիպոկրատը, Մխիթար Հերացին և այլոք իրենց աշխատություններում նկարագրել են տուբերկուլոզի ախտանշանները: Դեռ այն ժամանակ էլ հայտնի էր, որ հիվանդության առաջացմանը մեծապես նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները: Այնպես որ բնակչության կյանքի նյութական և հիգիենային պայմանների բարելավումը, ինչպես նաև բժշկական նվաճումները նվազեցրեցին հիվանդացությունը և մահացությունների թիվը կրճատվեց:
Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ մարդն է: Տուբերկուլոզի բաց ձևի ժամանակ հիվանդը կարող է վարակել շրջապատողներին, եթե չպահպանի հիգիենայի նախազգուշական միջոցառումները: Վարակը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով. հազալիս, փռշտաիս միկոբակտերիաներ պարունակող խորխի և թքի մանր կաթիլներն ընկնում են օդի մեջ, սենյակի հատակի և պատերի, ինչպես նաև կենցաղային առարկաների վրա: Հատկապես թույլ լուսավորված տեղերում մանրէները երկար պահպանում են իրենց կենսունակությունը:
Տուբերկուլոզի կանխարգելման համար կարևոր է կյանքի նյութական պայմանների և կենցաղավարման մակարդակի բարելավումը, սանիտարական գիտելիքների բարձրացումը, հիվանդության բաց ձևով հիվանդների շտապ հոսպիտալացումը:
Առանձնահատուկ հակատուբերկուլոզային կանխարգելումն իրականացվում է ԲՑԺ վակցինայով:
Տուբերկուլոզը ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող մարդկանց մահվան հիմնական պատճառներից է: ՄԻԱՎ-ի տարածումը նպաստում է տուբերկուլոզով հիվանդացության աճին: ՄԻԱՎ-ի բարձր տարածվածությամբ երկրներում տուբերկուլոզով հիվանդների մոտավորապես 40%-ը ունեն նաև ՄԻԱՎ:
Ներկայումս տուբերկուլոզ/ՄԻԱՎ համակցված վարակն ամենից շատ տարածված է Աֆրիկայում:
ՄԻԱՎ-ով վարակվածների շրջանում տուբերկուլոզը ծանր ընթացք է ունենում և հանգեցնում է հիվանդության բարդացման և խորացման, ինչի պատճառը մարդու իմունային համակարգի անբավարարությունն է: Այդ պատճառով տարածուն և զարգացող տուբերկուլոզ ախտորոշելու դեպքում հիվանդին անհրաժեշտ է հետազոտել նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ և հակառակը՝ ՄԻԱՎ-ով վարակվածներին անհրաժեշտ է դիտարկել, որպես տուբերկուլոզով պոտենցիալ հիվանդ:
Leave a reply