Շատերին է հետաքրքրում, թե ինչ է իրենից ներկայացնում Մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ) և այն կանխարգելող պատվաստումը։ Հարցերը շատ են, սակայն միշտ չէ, որ պատասխանները սպառիչ են։ Փորձենք պարզաբանել՝ պատասխանելով որոշ հաճախ հնչող հարցերին։
Արդյո՞ք ՄՊՎ-ի բոլոր տեսակներն են քաղցկեղածին։
Գոյություն ունի ՄՊՎ-ի 100-ից ավելի տեսակներ, որոնցից մի մասը քաղցկեղածին չեն և առաջացնում են մաշկի գորտնուկներ, հետանցքի և սեռական գորտնուկներ, իսկ մյուս` քաղցկեղածին տեսակները, առաջացնում են արգանդի վզիկի և այլ տեսակի քաղցկեղներ։ ՄՊՎ-ի ամենատարածված տեսակներից են քաղցկեղածին 16 և 18 տեսակները, որոնք պատասխանատու են արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 70%-ի համար և ցածր ռիսկի քաղցկեղածին 6 և 11 տեսակները, որոնք առաջացնում են սեռական գորտնուկների դեպքերի 90%-ը։
Արդյո՞ք հնարավոր է վարակվել ՄՊՎ-ի մեկից ավելի տեսակներով։
Այո, հնարավոր է վարակվել ՄՊՎ-ի մի քանի տեսակներով միաժամանակ։
Եթե անձը արդեն վարակված է ՄՊՎ–ով, արդյո՞ք նա կարող է ազատվել վիրուսից։
Այո, իրականում մարդկանց մեծ մասը՝ վարակվածներից 10-ից 9-ը, ազատվում են վարակից երկու տարվա ընթացքում՝ հաճախ չունենալով որևէ գանգատ։ Սակայն, եթե վարակը չի անցնում, վարակվածների մոտ կարող են զարգանալ սեռական գորտնուկներ, արգանդի վզիկի կամ այլ տեսակի քաղցկեղներ։
Բացի արգանդի վզիկի քաղցկեղից, ՄՊՎ–ը ուրիշ ի՞նչ քաղցկեղ կարող է առաջացնել:
Բացի արգանդի վզիկի քաղցկեղից, ՄՊՎ-ը կարող է առաջացնել քաղցկեղի հետևյալ տեսակները՝ հեշտոցի և վուլվայի քաղցկեղ կանանց մոտ, անալ և բերանըմպանային շրջանի քաղցկեղ կանանց և տղամարդկանց մոտ, առնանդամի քաղցկեղ տղամարդկանց մոտ։
Ո՞րքան ժամանակ է անցնում ՄՊՎ–ով վարակվելուց մինչև քաղցկեղի ախտանշանների ի հայտ գալը:
Սովորաբար, վարակվելուց հետո անցնում են երկար տարիներ, անգամ տասնամյակներ, մինչև որևէ ախտանշանի ի հայտ գալը։
Հենց այս պատճառով է, որ կանանց խորհուրդ է տրվում պարբերաբար կատարել ՊԱՊ թեստը, որը թույլ է տալիս հայտնաբերել արգանդի վզիկի բջիջների նախաքաղցկեղային վաղ փոփոխությունները։ Այս փուլում բուժումը ավելի արդյունավետ է, քան երբ առաջանում են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են արյունահոսությունը և ցավը։
Երբ առկա են սեռական գորտնուկներ, արդյոք դա նշանակում է, որ մարդը դեռ կրում է ՄՊՎ:
Այո, երբ առաջանում են վարակի նշանները, օրինակ՝ սեռական գորտնուկները, մարդը վարակիչ է։ Այնուամենայնիվ, կարևոր է գիտակցել, որ մարդիկ կարող են փոխանցել վիրուսը նաև այն ժամանակ, երբ չունեն որևէ ախտանշան: Անգամ գորտնուկների հեռացումից հետո վիրուսը շարունակում է մնալ բջիջներում և փոխանցվել շփման ժամանակ։
ՄՊՎ-ով վարակվելուց որքա՞ն ժամանակ հետո են առաջանում սեռական գորտնուկները։
Սեռական գորտնուկները առաջանում են ՄՊՎ-ի համապատասխան տեսակներով վարակվելուց մոտավորապես 4 շաբաթից մինչև 8 ամիս հետո։ Որոշ դեպքերում՝ մինչև գորտնուկների առաջանալը, ՄՊՎ-ը կարող է անախտանիշ վերարտադրվել մի քանի տարի։
Արդյո՞ք կա բուժում ՄՊՎ վարակի դեմ։
Չկա որևէ հակավիրուսային դեղորայք, որը բուժում է ՄՊՎ վարակը։ Սեռական գորտնուկների, նախաքաղցկեղային վիճակների և քաղցկեղի առաջացման դեպքում բուժումը միայն աջակցող է և չի վերացնում վիրուսը օրագիզմից։
Ինչքա՞ն ժամանակ հետո է զարգանում պաշտպանությունը ՄՊՎ-ի դեմ պատվաստումը ստանալուց հետո:
Առաջին դեղաչափը ստանալուց 2 շաբաթ հետո զարգանում է իմունային պատասխանը, իսկ լրացուցիչ դեղաչափերը ուժեղացնում են այն, ինչի արդյունքում ամրանում է իմունային հիշողությունը։
ՄՊՎ-ի դեմ պատվաստումը քանի՞ դեղաչափով է կատարվում:
Մինչև 15 տարեկանը ՄՊՎ-ի դեմ պատվաստումը ստանալու դեպքում այն կատարվում է 2 դեղաչափով՝ երկրորդ դեղաչափն առաջին դեղաչափից պետք է ստանալ առնվազն 6 ամիս հետո: 15 տարեկանից հետո ստանալու դեպքում պատվաստումը կատարվում է 3 դեղաչափով՝ երկրորդ դեղաչափն առաջինից 2 ամիս հետո, իսկ երրորդը՝ առաջինից 6 ամիս հետո:
Արդյո՞ք կարող եմ ստանալ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը, եթե ունեմ ՊԱՊ քսուքի ոչ նորմալ պատասխան:
Այո, կարող եք, որովհետև շատ քիչ է հավանական, որ միաժամանակ վարակված կլինեք ՄՊՎ-ի բոլոր այն տեսակներով, որոնցից պաշտպանում է պատվաստումը։ ՊԱՊ քսուքի ոչ նորմալ պատասխանի դեպքում էլ պատվաստումը ապահովում է պաշտպանություն ՄՊՎ-ի նոր վարակներից։
ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամ
Leave a reply