Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ երեխաները, տան դեղարկղիկից գտնելով դեղի տուփը կամ սրվակը, ամբողջությամբ խմում են պարունակությունը, ինչը կարող է ալերգիկ շոկի կամ սուր դեղորայքային թունավորման պատճառ հանդիսանալ:
Նույնիսկ դեղորայքի մեկ հաբը կարող է մեծ վնաս հասցնել երեխայի փխրուն օրգանիզմին:
Երեխաների և ողջ ընտանիքի առողջությունը պահպանելու, ինչպես նաև դեղորայքից թունավորվելու վտանգից պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է հետևել դեղորայքի պահման մի քանի պարզ կանոնի։
- Կանոն 1
Դեղորայքն անհրաժեշտ է պահել երեխաների համար ոչ հասանելի տեղում՝ երեխայի տեսադաշտից դուրս: Դեղորայքը պահելու համար ամենահուսալի տեղը կողպված պահարանն է:
Պետք չէ հույս դնել պաշտպանիչ կափարիչների վրա, անհրաժեշտ է «կողպել» դեղերը:
Խորհուրդ չի տրվում ընդունել դեղորայք երեխայի ներկայությամբ. նրանք սիրում են նմանակել ծնողներին:
Անհրաժեշտ է ուշադիր լինել հյուր գնալիս. ոչ բոլորն են զգուշավոր դեղորայքը պահելու հարցում: Օրինակ. տատիկները և պապիկները հաճախ են դեղորայք ընդունում, որոնք վտանգավոր են երեխաների համար և կարող են գտնվել երեխաների համար հասանելի տեղում։Յուրաքանչյուր օգտագործումից հետո անհրաժեշտ է հավաքել և պահել դեղորայքը:
- Կանոն 2
Մանկական դեղորայքն անհրաժեշտ է պահել բնօրինակ փաթեթավորմամբ՝ կիրառման հրահանգի հետ մեկտեղ, ինչը հնարավորություն կտա խուսափել ինչպես սխալ դեղորայքի օգտագործումից, այնպես էլ գերդոզավորումից:
Ցանկալի է փոքրերի և մեծահասակների համար նախատեսված դեղորայքը պահել առանձին: Կտրականապես արգելվում է երեխային տալ մեծերի համար նախատեսված դեղը, քանի որ հնարավոր է դեղաչափի սխալ հաշվարկ՝ նույնիսկ դեղահատը կիսելու կամ քառորդների բաժանելու պարագայում: - Կանոն 3
Դեղը չնույնացնել կոնֆետի հետ, և առանց երեխային վախեցնելու, նրան բացատրել «դեղ» բառի իմաստը։ Անհրաժեշտ է երեխային օգնել հասկանալ, որ առանց ծնողների թուլտվության չի կարելի խմել ցանկացած անծանոթ բան:
- Կանոն 4
Անհրաժեշտ է պարբերաբար վերանայել տնային դեղարկղիկը՝ ազատվելով ժամկետանց դեղամիջոցներից։ - Կանոն 5
Նախընտրելի է էլեկտրոնային ջերմաչափերը գերադասել սնդիկային ջերմաչափերից, որոնք առավել հարմար և անվտանգ են երեխաների օգտագործման համար: