Ալկոհոլը հանդիսանում է կախվածություն առաջացնող հոգեակտիվ նյութ, որը հարյուրամյակներ շարունակ լայնորեն կիրառվում է բազմաթիվ մշակույթներում: Ալկոհոլի պատճառով առաջացած հիվանդությունների զգալի մասը պայմանավորված է կանխատեսված և չկանխատեսված, ինչպես նաև սուիցիդալ մտադրությունների, բռնությունների և ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով առաջացած վնասվածքներով: Ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված մահացու վնասվածքները հիմնականում հանդիպում են ավելի երիտասարդ տարիքի անձանց շրջանում:

Ամբողջ աշխարհում ալկոհոլային խմիչքների չարաշահման հետևանքով տարեկան գրանցվում են 3,3 մլն մահվան դեպքեր, որը կազմում է բոլոր մահերի 5,9%-ը: 20-39 տարիքային խմբի մահվան դեպքերի 25% պայմանավորված է ալկոհոլի օգտագործմամբ: Գոյություն ունի պատճառահետևանքային կապ ալկոհոլի չարաշահման և մի շարք վարքագծային և հոգեկան խանգարումների, ինչպես նաև այլ ոչ վարակիչ հիվանդությունների և վնասվածքների միջև: Հաստատված է պատճառահետևանքային կապը ալկոհոլային չարաշահման և այնպիսի վարակիչ հիվանդությունների՝ ինչպիսին են տուբերկուլյոզը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը: Ալկոհոլի չարաշահումը առաջացնում է ինտոքսիկացիա, նպաստում է կանխամտածված և ոչ կանխամտածված վնասվածքների առաջացմանը, ինչպես նաև բռնության և հանցագործության աճին:

Ալկոհոլի սպառմանը նպաստող հանգամանքներ են համարվում կոնոնավոր ալկոհոլ օգտագործող մարդկանց հետ շփումը, վաղ սեռական կյանքի սկիզբը, ընտանիքում հաճախակի կոնֆլիկտներն ու ցածր եկամուտը, դպրոցում վատ առաջադիմությունը, սովորելու դժկամությունը, հասակակիցների և հարազատների հետ շփվելու դժկամությունը և այլն:

Ալկոհոլի սպառման ծավալների կրճատմանը նպաստելու համար անհրաժեշտ է.

  • ընտանեկան բարօրություն, համերաշխություն, լավ կրթություն, ընտանիքում հակամարտության բացակայություն,
  • ինտելեկտի բարձր մակարդակ, ֆիզիկական և հոգեկան առողջություն, սթրեսի նկատմամբ դիմադրություն,
  • լավ եկամուտ, բնակարանային ապահովվածություն,
  • բժշկական կանոնավոր հետազոտություններ,
  • հասարակական և բնակության վայրում քրեականացման ցածր մակարդակ,
  • բարձր ինքնագնահատական, առաջացած խնդիրների արդյունավետ լուծման կարողություն, ճնշման դիմադրություն, վարքագծի և զգացմունքների վերահսկման կարողություն,
  • սոցիալական կանոնների պահպանում:
Leave a reply