Ի՞նչ պետք է իմանալ հանտավիրուսային վարակի մասին

Հանտավիրուսները վիրուսների խումբ են, որոնցով մարդիկ սովորաբար վարակվում են կրծողների արտազատումներով (մեզ, արտաթորանք, թուք) աղտոտված մասնիկների հետ շփման արդյունքում:

Աշխարհում հայտնի են 50-ից ավելի հանտավիրուսի տեսակներ, որոնք բնորոշվում են տարբեր ախտածնությամբ։ Մինչ օրս մարդուց մարդուն փոխանցման հնարավորությունը հաստատվել է միայն Անդես (Andes) տեսակի վիրուսի դեպքում՝ սերտ շփման արդյունքում։

Կախված վիրուսի տեսակից՝ հիվանդության ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս վարակման աղբյուրի հետ շփումից 1–8 շաբաթ անց և, որպես կանոն, ներառում են տենդ, գլխացավ, մկանացավ, ինչպես նաև ցավ որովայնում, սրտխառնոց և փսխում։

Հանտավիրուսային սիրտ-թոքային համախտանիշի դեպքում հիվանդությունն արագ զարգանում է՝ առաջացնելով հազ, հևոց, թոքերում հեղուկի կուտակում և շոկային վիճակ։

Երիկամային համախտանիշով հիվանդության դեպքում կարող են դիտվել զարկերակային ճնշման անկում, հեմոռագիկ բարդություններ և երիկամային անբավարարություն:

Հանտավիրուսային վարակի կանխարգելման հիմնական միջոցը հետևյալն է` զերծ մնալ կրծողների հետ շփումից, մասնավորապես․

1․ Պահել սննդամթերքը կրծողների համար անհասանելի վայրերում, ջուրը փակ տարաներում,

2․ Խուսափել կրծողների արտազատումներով աղտոտված մթերքների օգտագործումից,

3․ Չհավաքել կրծողների կողմից վնասված սունկ և հատապտուղներ:

Բնակչության իրազեկում

Հիվանդություններ, որոնք դեռևս հաղթահարված չեն
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել