Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր․ բացահայտել գրավչության պատրանքը
Ամեն տարի մայիսի 31-ը նշվում է որպես Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր։ 2026 թվականին օրվա կարգախոսն է՝ «Բացահայտել գրավչության պատրանքը․ հակազդել նիկոտինային և ծխախոտային կախվածությանը»։
Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչպես են ծխախոտային և նիկոտինային արտադրանքները ներկայացվում որպես անվնաս, ժամանակակից և գրավիչ՝ հատկապես երեխաների և դեռահասների համար։ Գունավոր փաթեթավորումը, տարբեր համերը, սոցիալական մեդիայի միջոցով առաջխաղացումը և «նորարար» արտադրանքի կերպարը հաճախ քողարկում են նիկոտինային կախվածության և առողջական լուրջ ռիսկերի իրական վտանգները։
Ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջապահության կարևորագույն և կանխարգելելի խնդիրներից մեկը։ Այսօր խնդիրը վերաբերում է ոչ միայն ավանդական ծխախոտային արտադրանքներին, այլև էլեկտրոնային ծխախոտներին (վեյփերին), նիկոտինային պարկիկներին և այլ նոր արտադրանքներին, որոնք առավել հասանելի և տարածված են դառնում երիտասարդների շրջանում։
Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը շարունակում է բարձր մնալ։ STEPS հետազոտության տվյալներով՝ 18–69 տարեկան բնակչության 27.8%-ն օգտագործում է ծխախոտ։ Տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 51.5%, իսկ կանանց շրջանում՝ 1.8%։ Միաժամանակ, երկրորդային ծխի ազդեցությունը շարունակում է մնալ մտահոգիչ․ մեծահասակների 56.4%-ը նշում է երկրորդային ծխի ազդեցություն տանը, իսկ 26.6%-ը՝ աշխատավայրում։
Ծխախոտի կանխարգելման գործում առանձնահատուկ նշանակություն ունի դեռահասների հետ աշխատանքը։ Հենց այս տարիքում են ձևավորվում առողջ վարքագծի և վնասակար սովորությունների նկատմամբ վերաբերմունքը։ Երիտասարդների վրա կարող են ազդել հասակակիցները, սոցիալական մեդիան, ընտանեկան միջավայրը, ինչպես նաև այն սխալ պատկերացումը, թե վեյփինգն ավելի քիչ վնասակար է, քան ծխելը։
Այս համատեքստում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ, իրականացրել է նախաձեռնությունների մրցույթ Երևանի հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանի աշակերտների համար։ Մրցույթի նպատակն էր խթանել աշակերտների նախաձեռնողականությունը, ստեղծագործական մտածողությունը և առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքների ընդլայնումը։
Մրցույթն ընդգրկել է հանրային առողջապահության չորս կարևոր ուղղություն՝ նվիրված Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան, Սրտի համաշխարհային օրվան, Հոգեկան առողջության համաշխարհային օրվան և Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան։
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում հաղթող է ճանաչվել «Ազատությո՞ւն, թե՞ կախվածություն․ ճշմարտությունը վեյփերի և ծխախոտի մասին» նախաձեռնությունը, որը ներկայացրել են Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները։
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել դեռահասների իրազեկվածությունը ծխախոտային արտադրանքների, էլեկտրոնային ծխախոտների, վեյփերի և նիկոտինային կախվածության առողջական հետևանքների վերաբերյալ։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել դպրոցահեն միջոցառումների շարքի միջոցով՝ ներգրավելով շուրջ 100 աշակերտի։
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում են քննարկումներ նիկոտինի ազդեցության, վեյփինգի առողջական ռիսկերի, կախվածության մեխանիզմների և «անվնաս վեյփի» մասին տարածված առասպելների վերաբերյալ։ Գործնական ցուցադրությունները, ֆիլմերի դիտումները, գրքերի քննարկումները, բանավեճերն ու դերային խաղերը կօգնեն աշակերտներին զարգացնել քննադատական մտածողություն և դիմակայել հասակակիցների ճնշմանը։
Հատկանշական է, որ նախաձեռնությունը հիմնված է «հասակակիցը՝ հասակակցին» մոտեցման վրա, որը միջազգային փորձով համարվում է երիտասարդների շրջանում առողջ վարքագծի ձևավորման արդյունավետ մեթոդներից մեկը։
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը կարևոր հնարավորություն է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ նիկոտինային և ծխախոտային արտադրանքների արտաքին գրավչության հետևում թաքնված են կախվածության և առողջության համար լուրջ վտանգներ։ Միաժամանակ այն հնարավորություն է խրախուսելու երիտասարդների մասնակցությունը առողջ ապրելակերպի խթանմանը և ծխախոտից ու նիկոտինից ազատ ապագայի ձևավորմանը։