ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)՝ «Մեկ առողջություն» մոտեցմանը նվիրված «Գործողություններ՝ հանուն «Մեկ առողջության» ագրոպարենային համակարգերում» գլոբալ համաժողովին։
Համաժողովն անցկացվել է 2026 թվականի սեպտեմբերի 21-23-ը՝ Հռոմում՝ FAO-ի կենտրոնակայանում՝ համախմբելով տարբեր երկրների ներկայացուցիչների, ոլորտային փորձագետների, միջազգային կազմակերպությունների և գործընկեր կառույցների։
Համաժողովի շրջանակում ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենը մասնակցել է պանելային քննարկմանը և բացման խոսքով հանդես է եկել թեմատիկ նիստում։
«Մեկ առողջություն»-ը համապարփակ մոտեցում է, որը հիմնված է մարդկանց, կենդանիների, բույսերի և էկոհամակարգերի առողջության փոխկապակցվածության վրա։ Այն ընդգծում է, որ հանրային առողջության բազմաթիվ մարտահրավերների արդյունավետ կանխարգելումն ու կառավարումը պահանջում են առողջապահության, անասնաբուժության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և այլ ոլորտների համակարգված համագործակցություն։
Համաժողովի ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունն ու արձագանքը, կայուն և դիմակայուն ագրոպարենային համակարգերի ձևավորումը, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը, աղտոտման կանխարգելումն ու դրա հետևանքներին արձագանքը, ինչպես նաև մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության պաշտպանությանն ուղղված համատեղ գործողությունները։
Սեպտեմբերի 22-ի ծրագրի շրջանակում անցկացվել են նաև «Մեկ առողջություն՝ ավելի լավ կյանքի համար․ արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունից և արձագանքից մինչև դիմակայուն ագրոպարենային համակարգեր և կայուն կենսապահովում» և «Աղտոտման կանխարգելումն ու արձագանքն ագրոպարենային համակարգերում՝ «Մեկ առողջություն» մոտեցմամբ» խորագրերով քննարկումները։
ՀՎԿԱԿ-ի գործունեության տեսանկյունից «Մեկ առողջություն» մոտեցումն առանձնահատուկ նշանակություն ունի հանրային առողջության ռիսկերի կանխարգելման, համաճարակաբանական հսկողության, դրանց վաղ հայտնաբերման և արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացման համար։ Մարդու առողջության վրա ազդող բազմաթիվ ռիսկեր ձևավորվում են առողջապահության ոլորտից դուրս, ուստի դրանց արդյունավետ կառավարումը պահանջում է միջգերատեսչական և միջոլորտային համագործակցություն։
Համաժողովին մասնակցությունը հնարավորություն է ընձեռել ծանոթանալու միջազգային փորձին և կիրառվող մոտեցումներին, ամրապնդելու մասնագիտական համագործակցությունը և քննարկելու «Մեկ առողջություն» սկզբունքների գործնական կիրառման հնարավորությունները։
Մարդու առողջությունը չի կարող դիտարկվել կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունից առանձին․ «Մեկ առողջություն» մոտեցումը հնարավորություն է տալիս այդ փոխկապակցվածությունը վերածել համակարգված և համատեղ գործողությունների։