Հայաստանը Եվրոպական տեխնիկական խորհրդատվական փորձագետների խմբի (ETAGE) կողմից վավերացվել է որպես հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին հասած երկիր։
Այս ձեռքբերման կապակցությամբ ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակն իրականացրեց հավաստագրի պաշտոնական հանձնման արարողությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատման շրջանակում առանցքային նշանակություն ունեն հեպատիտ B-ի դեմ պատվաստումների բարձր ընդգրկվածությունը, վարակի՝ մորից երեխային փոխանցման կանխարգելումը և պատվաստված խմբերում հեպատիտ B-ի մակերեսային հակածնի՝ HBsAg-ի տարածվածության ցածր մակարդակը։
Հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներն են՝
—Պատվաստումների բարձր ընդգրկվածություն․ երեխաների շրջանում հեպատիտ B-ի դեմ պատվաստանյութի երեք դեղաչափով պատվաստումների առնվազն 90% ընդգրկվածություն։
—Մորից երեխային փոխանցման կանխարգելում․ համապատասխան կանխարգելիչ միջամտությունների առնվազն 90% ընդգրկվածություն։
—Վարակի տարածվածության նվազեցում․ պատվաստված անձանց շրջանում HBsAg-ի տարածվածություն՝ 0,5%-ից ոչ ավելի։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանն ընդգծեց, որ սահմանված թիրախին հասնելը նախորդ տարիների աշխատանքի արդյունքն է։ Նրա խոսքով՝ այս ձեռքբերման հիմքում պետական և առողջապահական հետևողական քաղաքականությունն է, ոլորտի մասնագետների նվիրված աշխատանքն ու միջազգային գործընկերների աջակցությունը։
«Գիտենք, որ հեպատիտ B-ի դեմ պատվաստումը ներդրվեց ազգային օրացույցում մոտ 30 տարի առաջ և, ինչպես ցանկացած նոր ներդրվող պատվաստանյութ, անցավ իր հաջորդիվ փուլերը՝ սկզբից հերքում, հետո՝ մասամբ համակերպում և վերջապես ընդունում։ Դրա արդյունքում մենք հիմա ունենք այն պատկերը, ինչը նշվեց գործընկերոջ կողմից։ Իրականացված շճաբանական հետազոտություններն էլ փաստում են այս հաջողությունը։
Երեխաների շրջանում արդեն իսկ սուր հեպատիտ B չի արձանագրվում, որը խոսում է պատվաստումային գործընթացի հաջողության մասին։ Ընդ որում, ցանկանում եմ նշել, որ այս հավաստագիրը, իհարկե, շատ պարտավորեցնող է, քանի որ, ինչպես նշեց տիկին Ավանեսյանը իր խոսքում, մենք նախորդ տարի գրանցեցինք բավականին բարձր ցուցանիշ մինչև 1 տարեկան երեխաների շրջանում և պարտավոր ենք այս բարձր ցուցանիշը պահել և, բնականաբար, պահպանել»,- ասաց Աթոյանը:
Այս վավերացումը կարևոր ձեռքբերում է Հայաստանի իմունականխարգելման և հեպատիտ B-ի կանխարգելման ոլորտում՝ արտացոլելով ՀՀ կառավարության և Առողջապահության նախարարության հետևողական քաղաքականության ու իրականացվող միջոցառումների արդյունքները: