Ժանտախտի թոքային ձևի կասկածելի դեպք ՌԴ Իրկուտսկի շրջանում

Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու (ՌԴ Ռոսպոտրեբնադզորի հակաժամտախտային ծառայության աշխատակցի)  մոտ արձանագրվել է մահ՝ ժանտախտ՝ թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալիզացվել է մոտ 200 մարդ, որոնք շփվել են նշած անձի հետ։

Նախնական վարկածով վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով՝ ժանտախտի հարուցչով սրվակի կոտրվելու արդյունքում։ Մահվան վերջնական պատճառը դեռ պաշտոնապես հաստատված չէ։ Լաբորատոր հետազոտությունները ըթացքում են։

Ժանտախտը բնական օջախային, ծանր ընթացքով, զոոնոզ վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն է Yersinia pestis մանրէն:

Վարակի հիմնական բնական պահոց են հանդիսանում կրծողները և այլ մանր կաթնասունները, իսկ հիմնական փոխանցողները՝ վարակված լվերը։ 

Փոխանցման ուղիները

  • Տրանսմիսիվ (փոխանցողներով պայմանավորված). վարակված լվերի խայթոցի միջոցով:
  • Կոնտակտային (շփման). վարակված կենդանիների (օրինակ՝ կրծողների կամ ճագարների) մորթի, մսեղիքի մշակման կամ վարակված կենդանիների կենսահեղուկների հետ անմիջական շփման ժամանակ:
  • Օդակաթիլային. հիվանդի հետ ուղղակի շփման արդյունքում (հարուցչով վարակված աէրոզոլ ներշնչելիս):
  • Ալիմենտար (սննդային). ոչ բավարար ջերմային մշակման ենթարկված հարուցչով վարակված կենդանական ծագման սննդամթերք օգտագործելիս:

Հիվանդության հիմնական ձևերը

  • Մաշկային. Հարուցչի ներթափանցման հատվածում առաջանում է մաշկի և հարակից հյուսվածքների ախտահարում։ Հաճախ վերածվում է բուբոնային ձևի։   
  • Բուբոնային. առավել տարածված ձևն է: Ախտահարվում են ավշային հանգույցները, որոնք բորբոքվում, մեծանում են՝ վերածվելով ցավոտ գոյացությունների (բուբոնների): 
  • Ակնային. հազվադեպ հանդիպող հիվանդության ձև, որը զարգանում է աչքի ուղղակի կամ անուղղակի ախատահարման հետևանքով։  
  • Թոքային. ամենավտանգավոր և խիստ վարակիչ ձևն է: Ախտահարվում են թոքերը և զարգանում է ծանր թոքաբորբ: Բուժման բացակայության կամ ոչ ժամանակին իրականացված բուժման դեպքում մահաբերությունը հասնում է 100%.  
  • Սեպտիկ. հարուցիչը տարածվում է արյան մեջ՝ առաջացնելով ամբողջ օրգանիզմի ախտահարում (սեպսիս)։
  • Մենինգեալ.  Առավել ծանր ընթացքով հիվանդույթան ձև, որը զարգանում է որպես սեպտիկ կամ թոքային ձևերի բարդություն, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի թաղանթները։

Բուժումը

Չնայած հիվանդության վտանգավորությանը, ժամանակին բուժումը (հակաբիոտիկներով) արդյունավետ է։

Բնակչության իրազեկում