- Մնացե՛ք տանը
Մնացե՛ք տանը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք կա բուժօգնության։ Մի՛ գնացեք աշխատանքի կամ ուսման վայր, մի՛ այցելեք հասարակական վայրեր, մի՛ օգտվեք հասարակական տրանսպորտից/ տաքսիներից։ Մթերքի, այլ գնումների կամ դեղամիջոցների անհրաժեշտության դեպքում՝ աշխատեք դրանք պատվիրել հեռախոսով կամ առցանց։
- Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
Եթե բնակվում եք մի վայրում, որտեղ Ձեզ հետ միասին կան տան անդամներ կամ այլ անձինք՝ մեկուսացվե՛ք բացվող պատուհանով լավ օդափոխվող տարածքում։ Ապահովեք ամբողջ տարածքի ախտահանումը 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչով։ Պարբերաբար պատշաճ կերպով մաքրե՛ք լոգարանը, սահմանե՛ք լվացվելու և լոգանք ընդունելու համար հերթականություն, ըստ որի՝ մեկուսացված անձը պետք է վերջինն օգտվի լոգարանից և այնուհետև մանրակրկիտ մաքրի այն։ Առանձնացրե՛ք մեկուսացված անձի սրբիչը (և՛ լոգանքի, և՛ ձեռքերի) տան մյուս անդամների սրբիչներից։
Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն (1 մ)։ Խուսափե՛ք գրկախառնություններից, ձեռքսեղմումից, համբուրվելուց։
- Զանգահարե՛ք բժշկին՝ մի այցելեք
Բոլոր բժշկական այցելությունները նախապես քննարկե՛ք համապատասխան մասնագետի հետ։
- Կրե՛ք բժշկական դիմակ
Կրեք, երբ գտնվում եք ուրիշների հետ մի սենյակում։
- Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
Հազալիս և փռշտալիս փակե՛ք բերանը և քիթը մեկանգամյա անձեռոցիկով։ Գցե՛ք անձեռոցիկները պլաստիկ աղբի տոպրակի մեջ, և անմիջապես լվացե՛ք ձեռքերը։
- Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով և ջրով առնվազն 20 վայրկյանի ընթացքում և մանրակրկիտ չորացրեք։ Խուսափեք չլվացված ձեռքերով աչքերին, քթին և բերանին դիպչելուց։
- Առանձնացրե՛ք տնային պարագաները
Առանձնացրե՛ք սպասքը, սրբիչները, անկողնային պարագաներ և այլ իրերը տան մյուս անդամներից։ Այս իրերն օգտագործելուց հետո, մանրարկրկիտ լվացեք դրանք օճառով և ջրով։
- Հյուրեր մի՛ ընդունեք
Ձեզ հետ տանը կարող են մնալ միայն Ձեր տան անդամները։ Հյուրեր մի՛ հրավիրեք և մի՛ ընդունեք։ Շփվե՛ք առցանց։
- Տնային կենդանիներ
Աշխատեք հեռու մնալ Ձեր տնային կենդանիներից։ Եթե անխուսափելի է՝ ապա լվացե՛ք ձեռքերը նախքան շփումը և շփումից հետո։
- Լվացքի համար ապահովե՛ք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
Լվացքի ժամանակ ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան՝ լվացքի փոշու համադրությամբ։ Չորացրեք և արդուկեք թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանով։ Կրեք մեկանգամյա ձեռնոցներ և գոգնոց, երբ գործ ունեք աղտոտված իրերի հետ։
Լվացքը լվացքատուն մի՛ ուղղարկեք։
- Հերմետիկ փակեք աղբամանը
Օգտագործած անձեռոցիկները, դիմակները և այլ կենցաղային աղբը հավաքեք աղբի համար նախատեսված տոպրակներում և լցվելուն պես կապեք, տեղադրեք մեկ այլ տոպրակի մեջ և կրկին կապեք, որից հետո աղբը հեռացրեք:
- Հետևեք ախտանշանների զարգացմանը
Հիվանդության վատթարացման դեպքում՝ ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն, ախտանշանների զարգացում կամ նոր ախտանշաններ, զանգահարեք 060838300։ Արտակարգ դեպքում զանգահարեք շտապ օգնություն և տեղեկացրեք օպերատորին, որ գտնվում եք ինքնամեկուսացման մեջ։ Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.ncdc.am։