Ապրիլի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1201 դեպք, որոնցից 402-ն` առողջացած, 19-ը` մահվան ելքով: Վերջին մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:
Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:
Երեկ նաև արձանագրվել է առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Երեխայի և մոր վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ծննդաբերությունից հետո ծննդկանի մոտ թեստավորման արդյունքը բացասական է եղել, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռևս 14 օր կգտնվեն բժիշկների հսկողության տակ:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 10793 թեստավորում:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
- մնացե’ք տանը,
- սահմանափակե’ք շփումները,
- հետևե’ք անձնական հիգիենային,
- հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
- հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
- շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
- գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
- եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
- պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
- խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով
Leave a reply