Ապրիլի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1201 դեպք, որոնցից 402-ն` առողջացած, 19-ը` մահվան ելքով: Վերջին մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

Երեկ նաև արձանագրվել է առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Երեխայի և մոր վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ծննդաբերությունից հետո ծննդկանի մոտ թեստավորման արդյունքը բացասական է եղել, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռևս 14 օր կգտնվեն բժիշկների հսկողության տակ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 10793 թեստավորում:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

  • մնացե’ք տանը,
  • սահմանափակե’ք շփումները,
  • հետևե’ք անձնական հիգիենային,
  • հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
  • հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
  • շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
  • եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
  • պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,
  • խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

Leave a reply