Աղիքային վարակներ արձանագրվում են տարվա ցանկացած ժամանակահատվածում, սակայն ամռանը ստեղծվում են առավել բարենպաստ պայմաններ աղիքային վարակների առաջացման և տարածման համար:
Աղիքային վարակների համաճարակաբանական վերլուծությունները փաստում են, որ այսօր հանրապետությունում արձանագրված աղիքային վարակների գերակշիռ մասը բաժին է ընկնում սննդային գործոնին:
Հաճախ աղիքային վարակների դեպքերի առաջացմանը նպաստում են տնային խնջույքները, երբ սննդամթերքը պատրաստվում է սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմաններում, սնունդ պատրաստելիս օգտագործվում է ոչ սառնարանային պայմաններում պահպանված սննդամթերք, կիրառվում են հում մթերքից պատրաստված սոուսներ, աղցաններ, որոնց շուտ փչացման ռիսկը մեծ է:
Սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակների առաջացմանը նպաստում են նվազագույն սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող հոսող ջուրը, սառնարանը, սննդի վաճառքի կետերը, կրպակներում պատրաստվող սնունդը, թարմ մրգերից պատրաստված հյութերը, փափուկ պաղպաղակները:
Ամռանը ձմերուկը և սեխը հրաշալի միջոց են զովանալու համար, սակայն միևնույն ժամանակ կարող են դառնալ աղիքային վարակների առաջացման պատճառ, եթե չպահպանվեն հիգիենայի կանոնները։
Ինչպես հայտնի է, ձմերուկը և սեխն աճում ու հասունանում են անմիջապես հողի վրա, որտեղ մշտապես առկա են աղիքային վարակների տարբեր հարուցիչներ, օրինակ՝ սալմոնելաներ: Ձմերուկի և սեխի մակերեսը կարող է աղտոտվել ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից մինչև սպառողին հասնելու ճանապարհին և վաճառքի վայրերում՝ խանութում, շուկայում, փողոցում:
Ձմերուկի և սեխի ոչ հիգիենիկ պայմաններում պահելու դեպքում կամ աղտոտված ջրով լվանալիս, աղիքային վարակների հարուցիչները կարող են թափանցել և աղտոտել պտղամիսը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս եղանակային պայմաններն առավել նպաստավոր են աղիքային վարակների, այդ թվում՝ բռնկումների առաջացման ու տարածման տեսանկյունից՝ աղիքային վարակներով չհիվանդանալու և դրանցով պայմանավորված բարդություններից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ խորհուրդ է տրվում.
- մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները, ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,
- մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով,
- ձմերուկ կամ սեխ գնելիս երբեք թույլ չտալ, որպեսզի վաճառողը կտրվածք անի ձմերուկի վրա, իսկ տանը նախքան կտրելը լվանալ հոսող մաքուր ջրով,
- սննդամթերքը միշտ պահպանել համապատասխան պայմաններում, արագ փչացող մթերքը պահել միայն սառնարանային պայմաններում և հետևել օգտագործման ժամկետներին,
- ամռան սեզոնին, մասնավորապես՝ խնջույքների ժամանակ, չօգտագործել շուտ փչացող սննդամթերք, խուսափել աղցաններ պատրաստելուց, հատկապես՝ համեմված հում սննդամթերքից (ձու) պատրաստված սոուսների օգտագործմամբ,
- խուսափել փողոցներում, ոչ պատշաճ պայմաններում վաճառվող սննդամթերք գնելուց,
- նախընտրել գործարանային փաթեթավորված, համապատասխան ստուգումների ենթարկված մթերքներ,
- բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
- սառնարանում հում սննդամթերքն առանձնացնել եփածից,
- չլողալ կասկածելի ջրամբարներում,
- եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, չզբաղվել ինքնաբուժմամբ, անտեղի չօգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը: