Աղիքային վարակներ արձանագրվում են տարվա ցանկացած ժամանակահատվածում, սակայն ամռանը ստեղծվում են առավել բարենպաստ պայմաններ աղիքային վարակների առաջացման և տարածման համար:

Աղիքային վարակների համաճարակաբանական վերլուծությունները փաստում են, որ այսօր հանրապետությունում արձանագրված աղիքային վարակների գերակշիռ մասը բաժին է ընկնում սննդային գործոնին:

Հաճախ աղիքային վարակների դեպքերի առաջացմանը նպաստում են տնային խնջույքները, երբ սննդամթերքը պատրաստվում է սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմաններում, սնունդ պատրաստելիս օգտագործվում է ոչ սառնարանային պայմաններում պահպանված սննդամթերք, կիրառվում են հում մթերքից պատրաստված սոուսներ, աղցաններ, որոնց շուտ փչացման ռիսկը մեծ է:

Սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակների առաջացմանը նպաստում են նվազագույն սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող հոսող ջուրը, սառնարանը, սննդի վաճառքի կետերը, կրպակներում պատրաստվող սնունդը, թարմ մրգերից պատրաստված հյութերը, փափուկ պաղպաղակները:

Ամռանը ձմերուկը և սեխը հրաշալի միջոց են զովանալու համար, սակայն միևնույն ժամանակ կարող են դառնալ աղիքային վարակների առաջացման պատճառ, եթե չպահպանվեն հիգիենայի կանոնները։

Ինչպես հայտնի է, ձմերուկը և սեխն աճում ու հասունանում են անմիջապես հողի վրա, որտեղ մշտապես առկա են աղիքային վարակների տարբեր հարուցիչներ, օրինակ՝ սալմոնելաներ: Ձմերուկի և սեխի մակերեսը կարող է աղտոտվել ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից մինչև սպառողին հասնելու ճանապարհին և վաճառքի վայրերում՝ խանութում, շուկայում, փողոցում:

Ձմերուկի և սեխի ոչ հիգիենիկ պայմաններում պահելու դեպքում կամ աղտոտված ջրով լվանալիս, աղիքային վարակների հարուցիչները կարող են թափանցել և աղտոտել պտղամիսը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս եղանակային պայմաններն առավել նպաստավոր են աղիքային վարակների, այդ թվում՝ բռնկումների առաջացման ու տարածման տեսանկյունից՝  աղիքային վարակներով չհիվանդանալու և դրանցով պայմանավորված բարդություններից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ խորհուրդ է տրվում.

  • մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները, ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,
  • մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով,
  • ձմերուկ կամ սեխ գնելիս երբեք թույլ չտալ, որպեսզի վաճառողը կտրվածք անի ձմերուկի վրա, իսկ տանը նախքան կտրելը լվանալ հոսող մաքուր ջրով,
  • սննդամթերքը միշտ պահպանել համապատասխան պայմաններում, արագ փչացող մթերքը պահել միայն սառնարանային պայմաններում և հետևել օգտագործման ժամկետներին,
  • ամռան սեզոնին, մասնավորապես՝ խնջույքների ժամանակ, չօգտագործել շուտ փչացող սննդամթերք, խուսափել աղցաններ պատրաստելուց, հատկապես՝ համեմված հում սննդամթերքից (ձու) պատրաստված սոուսների օգտագործմամբ,
  • խուսափել փողոցներում, ոչ պատշաճ պայմաններում վաճառվող սննդամթերք գնելուց,
  • նախընտրել գործարանային փաթեթավորված, համապատասխան ստուգումների ենթարկված մթերքներ,
  • բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
  • սառնարանում հում սննդամթերքն առանձնացնել եփածից,
  • չլողալ կասկածելի ջրամբարներում,
  • եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, չզբաղվել ինքնաբուժմամբ, անտեղի չօգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը:
Leave a reply