Դեռևս 2018 թ. ապրիլ ամսից հանրապետության Արմավիրի և Արարատի մարզերում իրականացվում է բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները պարբերաբար հանդիպումներ են ունենում առաջնային օղակի բժիշկների հետ և ևս մեկ անգամ ներկայացնում մեթոդաբանությունն ու տրամադրում այցելուների համար նախատեսված հուշաթերթեր, որոնց օգնությամբ հնարավորություն են ունենում գնահատել ֆիզիկական ակտիվության մակարդակը, բացահայտել ֆիզիկական ակտիվությամբ զբաղվել չցանկացողների պատճառներն ու օգնել խթանելու այն:
2018-2023 թվականի 1-ին կիսամյակը ներառյալ ավելի քան 38.988 քաղաքացի ստացել է հատուկ խորհրդատվություն առաջնային օղակի մասնագետների կողմից։
Համաձայն իրականացվող աշխատանքների մոնիթորինգի արդյունքների՝ 2023 թ. առաջին կիսամյակում  Արմավիրի մարզի 4314 և Արարատի մարզի 1839 քաղաքացի  ստացել է հատուկ խորհրդատվություն առաջնային օղակի մասնագետների կողմից՝ ֆիզիկական ակտիվության և վերջինիս խթանման կարևորության վերաբերյալ:  Համաձայն իրականացվող աշխատանքների մոնիթորինգի արդյունքների՝ 2023 թ. առաջին կիսամյակում (2022 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ) թերակտիվ և ֆիզիկական ակտիվությամբ չհետաքրքրված անձանց տոկոսը նվազել է 28%-ից՝ 15% և աճել՝ թերակտիվ, սակայն ֆիզիկական ակտիվությամբ հետաքրքրված բնակչության տոկոսը՝ 50 %-ից մինչև 67 %:
Նշենք, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ շաբաթական 150 րոպե (2 ժամ 30 րոպե) տևողությամբ չափավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է  առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկը:

Leave a reply