Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի գրանցվում են կարիճի խայթոցի դեպքեր, հիմնականում՝ դեղին կարիճի:

2019 թվականին արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, հիմնականում Արարատի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Կարիճի խայթոցից թունավորման բարդության աստիճանը կախված է կարիճի թույնի խտությունից: Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպես լինում է մեղվի խայթոցի ժամանակ:

Դեղին և կարմիր կարիճների թույնը վտանգավոր չէ կյանքի համար:

Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է, որի դեպքում տուժածի մոտ նկատվում է՝

  • խայթոցի տեղում ուժգնացող, այրող բնույթի ցավ,
  • մաշկի կարմրություն և այտուց, երբեմն առաջանում են այրվածքին բնորոշ բշտեր,
  • ախտահարված մասում թմրածության զարգացում,
  • ցնցումներ, որոնք կարող են լինել որևէ մկանի կամ ամբողջ մարմնի հատվածում,
  • որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց և փսխում,
  • գլխապտույտ,
  • արտահայտված թքահոսություն,
  • սրտխփոց,
  • գլխացավ։

Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել, իսկ մինչ այդ՝

  • տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը,
  • վնասված հատվածը մաքրել սպիրտով ու հակասեպտիկ վիրակապ դնել` վտանգավոր մանրէների ներթափանցումը վերքի մեջ կանխելու նպատակով,
  • ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար վրան սառույց դնել,
  • անկախ տուժածի վիճակից՝ բժիշկը պարտավոր է հետևել նրա վիճակին:

 

Հիշեցնենք, որ կարիճները միտումնավոր չեն գրոհում մարդու վրա, սակայն պատահական շփումը կարող է խայթոցով ավարտվել: Նրանք հաճախ են տներ թափանցում: Ցերեկը թաքնվում են ճեղքերում, իսկ գիշերը դուրս են գալիս, մտնում կոշիկի, հագուստի ու նույնիսկ անկողնային պարագաների մեջ:

Կարիճի հետ շփումից խուսափելու նպատակով անհրաժեշտ է առավոտյան թափ տալ այն կոշիկն ու հագուստը, որը պատրաստվում եք հագնել, զննել սրբիչներն ու անկողնային պարագաները: Տունը, որտեղ կարիճներ են նկատվել, պետք է հնարավորության դեպքում նորոգել, փակել կարիճների ներթափանցման բոլոր ուղիները, բակից հավաքել, վերացնել աղբը, քարերն ու փայտը:

Leave a reply