Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է 27500 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանի, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, հյուպատոս Էվալդաս Գալվանաուսկասի, Առաքելության ղեկավարի տեղակալ Վիսմանտե Դայլիդենայտեի և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Յան Պլեշինգերի հետ այցելել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիա:

Ողջունելով լիտվացի գործընկերներին` Լենա Նանուշյանն ընդգծել է, որ առաջին անգամը չէ, որ Հայաստանին աջակցություն է ցուցաբերվում` շեշտելով, որ Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունները դրանով ոչ միայն ամրապնդվել են, այլև հիմք հանդիսացել ապագայում էլ ավելի ընդգրկուն համագործակցության ձևավորման համար:

Նա անդրադարձել է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի սակավության խնդրին և շնորհակալություն հայտնել Լիտվայի կառավարությանը Հայաստանին օժանդակելու և պատվաստանյութերի խմբաքանակ նվիրաբերելու համար:

«Սա ընդամենը սկիզբն է, մենք ավելի գլոբալ ծրագրեր ենք նախատեսում իրականացնել` անգամ համավարակի պայմաններում»,-ասել է փոխնախարարը:

ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն առողջապահության նախարարության հետ համագործակցությունը որակել է արդյունավետ, որի վառ օրինակն է COVID-19 համավարակի օրերին Հայաստանում լիտվացի բժիշկների իրականացրած առաքելությունը` ընդգծելով, որ գործակցությունը լինելու է շարունակական, և Հայաստանը, որպես աջակցություն, կստանա նաև այլ պատվաստանյութեր:

«Պատվաստումների իրականացումը շարունակում է մնալ այս պայքարի կարևորագույն գործիքը,  և հույս ունենք, որ ի վերջո հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը», — նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։

Leave a reply