ℹ️ Ավելի քան տասը տարի է, ինչ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն իրականացնում է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում:

ℹ️ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, գնահատման արդյունքում Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» »Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կազմում գործող կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային շնորհվել է ամբողջական հավատարմագրում՝ 2023 թվականի համար, ինչը նշանակում է, որ լաբորատորիան իր աշխատանքի ընթացքում մշտապես ապահովել է կարմրուկ և կարմրախտ հիվանդությունների կասկածելի դեպքերի 100%-ի լաբորատոր հետազոտություն։

ℹ️ 2020 թվականից ամբողջ աշխարհը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում բազմաթիվ երկրներում կարմրուկի և կարմրախտի համաճարակաբանական հսկողության նկատմամբ զգոնությունն իջել է, ինչը կարող է հանգեցնել կարմրուկի և կարմրախտի դեպքերի ակտիվացման: Այս իրավիճակում առավել կարևորվում է երկրում համաճարակային իրավիճակի կայունության ապահովումը և ռեֆերենս լաբորատորիայի աշխատանքի գնահատումը:

ℹ️ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի «Կարմրուկի և կարմրախտի էլիմինացումը փաստագրող հանձնաժողովի» ամենամյա նիստում արձանագրվել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում 2007 թվականից չեն արձանագրվում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր, իսկ բերովի դեպքերը տարածում չեն ունենում՝ երկրում պատվաստումներում ընդգրկվածության բարձր մակարդակի և հակահամաճարակային միջոցառումների իրականացման շնորհիվ:

Leave a reply