Վերջին ժամանակահատվածում կարմրուկ հիվանդության տարածվածության աշխարհագրությունը մեծանում է՝ ներգրավելով աշխարհի տարբեր երկրներ։

Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՄՆ 10 նահանգներում տարեսկզբից նկատվում է կարմրուկի դեպքերի աճ (79 դեպք)։ Ֆիլիպիններում կարմրուկի բռնկումն արդեն տաարծվել է մի քանի մարզերում։ Հունվարի 26-ի դրությամբ արձանագրվել է 575 դեպք 9 մահվան ելքով (ցուցանիշն աճել է 2.538%-ով 2018թ. համեմատ)։ Ղազախստանում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված կարմրուկի դեպքերի թիվը հասել է 1876-ի։ Ներկայումս երկրի առողջապահության նախարարությունն ԱՀԿ-ի հետ իրականացնում է խորհրդակցություն լրացուցիչ պատվաստումներ իրականացնելու նպատակով։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա վերջին 5 շաբաթվա ընթացքում այստեղ կարմրուկով հիվանդացել է 15.095 մարդ, որից 6.364 մեծահասակ և 8.731 երեխա։ Վտանգավոր իրավիճակ է նաև Մոլդովայի սահմանի մոտ։

Կարմրուկի նոր օջախներ են հայտնաբերվել նաև Ռուսաստանում՝ այդ թվում Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում։ Կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է նաև Վրաստանում։ Ի դեպ, Վրաստանի առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի խնդրանքով Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով հարևան Վրաստանին Հայաստանի կողմից տրամադրվել է կարմրուկի դեմ 30.000 դեղաչափ պատվաստանյութ։

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կարմրուկի բռնկումները կանխելու նպատակով անհրաժեշտ է ապահովել պատվաստումներում ընդգրկվածության և կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակ և որ կարմրուկի կանխարգելման միակ ու արդյունավետ միջոցը պատվաստումն է։

Հիշեցնենք, որ պատվաստումներում բարձր ընդգրկվածության ցուցանիշի շնորհիվ Հայաստանում 2007 թ.-ից ի վեր կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր չեն գրանցվել, եղել են միայն բերովի դեպքեր, որոնք տեղական տարածում չեն ստացել։

Leave a reply