Ի պատասխան «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության կողմից տարածված «Երբ լաբորատոր հետազոտությունների արդյունքները ոչ միայն չտվեցին սպառիչ պատասխաններ, այլև նոր հարցեր առաջ բերեցին» տեղեկատվության այն պնդմանը, որ «Նմուշառում կատարվել է մի շարք մթերքներից, սակայն հայտարարություն է տարածվել միայն ջրի, մակերեսների և լվացուկների ու տավարի հում մսի մասով՝ անտեսելով մնացածում հարուցիչների առկայության կամ բացակայության փաստը»՝ հայտնում ենք, որ,
«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» հանրային սննդի կազմկերպությունում լաբորատոր հետազոտությունների նպատակով կատարվել են խմելու ջրի, սննդամթերքի տարբեր տեսակներից, աշխատակիցներից կենսանմուշների (աղիքային վարակակրության և ստաֆիլակոկակրության վերաբերյալ), ինչպես նաև արտաքին միջավայրի մակերեսներից, այդ թվում աշխատակիցների ձեռքերի և արտահագուստի, լվացուկների նմուշառումներ: Ստորև ներկայացվում են հետազոտությունների արդյունքները.
— արտաքին միջավայրի մակերեսներից վերցված թվով 49 լվացուկներից 18-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), իսկ 2-ում՝ ոսկեգույն ստաֆիլակոկ,
— խմելու ջրի 2 նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել,
— աշխատակիցների քթըմպանից վերցված 9 նմուշից 1-ում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ,
— աշխատակիցների կղանքի 11 նմուշից 3-ում հայտնաբերվել է սալմոնելա հարուցիչը (Salmonella enteritidis), հարկ է նշել, որ աշխատակիցները ախտանշաններ չեն ունեցել, ինչը խոսում է առողջ մանրէակրության մասին, ինչը պետք է հայտնաբերվեր ՀՀ կառավարության թիվ 347-Ն որոշման պահանջներին համաձայն նախնական և պարբերական բժշկական զննությունների իրականացման ժամանակ, սակայն համաճարակաբանական դիտարկման ընթացքում բժշկական զննությունը հավաստող գրքույկներ մասնագետներին չեն ներկայացվել, թեև աշխատակիցները հայտարարել են, որ ենթարկվել են պարբերական բժշկական զննությունների:
— հիվանդների կղանքի 5 նմուշից 3-ում հայտնաբերվել է սալմոնելա,
— Սննդամթերքի 12 նմուշներից 1-ում՝ տավարի մսի հում խճողակում հայտնաբերվել է սալմոնելա:
Հարկ է նշել նաև, որ բացի այդ, միաժամանակ նույն հարուցիչը/շճատարբերակը անջատվել է նաև հիվանդների նմուշներից (նաև «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից):
Միաժամանակ՝ հետազոտությունների ընթացքում «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» հանրային սննդի կազմկերպությունում իրականացվել են նաև դիտարկումներ և ուսումնասիրություններ, ինչի արդյունքում պարզվել է, որ տվյալ օբյեկտում ընդհանուր առմամբ պատշաճ չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները: Մասնավորապես՝ խախտվում են արտադրական գործընթացների հաջորդականության սկզբունքը (հոսքայնությունը), սննդամթերքի պահպանման և պատրաստման կանոնները, պատշաճ չեն իրականացվում սենքերի և մակերեսների մաքրման և ախտահանման աշխատանքները (այդ է վկայում արտաքին միջավայրի առարկաների մակերեսների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերված մանրէային աղտոտվածությունը), կազմակերպությունները ապահովված չեն համապատասխան սենքային պայմաններով և անհրաժեշտ խոհանոցային գույքով: Աշխատակիցների մոտ աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերումը վկայում է, որ աշխատակիցների կողմից չեն պահապանվում անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերի, արտահագուստի լվացում և ախտահանումը, ախտահանիչ միջոցների պատշաճ կիրառումը:
Կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման և հետազոտությունների շրջանակներում լայնածավալ գործունեություն իրականացնելով՝ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ժամանակավորապես հրաժարվել է հավատարմագրման գործընթացից:
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը վերաբերում են մաքսային և ազգային տարածքներում ապրանքաշրջանառվող արտադրատեսակներին, սակայն այս դեպքում խոսքը գնում է ոչ թե արտադրատեսակի շուկայահանման, այլ արդեն իսկ արձանագրված սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակին բնորոշ դեպքերին արձագանքման և դրանց կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, ինչն իր մեջ ներառում է վարակի կամ թունավորման աղբյուրը հայտնաբերելու միջոցով վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով լաբորատոր հետազոտությունների իրականացում։
Հաշվի առնելով հանրային առողջապահական բարձր ռիսկը և այն, որ հետազոտությունները նման դեպքերում հարկ է իրականացնել և ավարտել ընդունելի ժամկետներում, լաբորատոր հետազոտություններն իրականացվել և ավարտվել են ընդունելի ժամկետներում. իրականացվել են մանրէների/հարուցիչների անջատման և հաստատման համար պահանջվող բոլոր հետազոտությունները՝ համաձայն սննդային գործոնով պայմանավորված արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի ժամանակ միկրոօրգանիզմների հայտնաբերման և նույնականացման համապատասխան մեթոդների։
Ինչպես արդեն նշվել է, սալմոնելա հարուցիչը անջատվել է, ինչպես պացիենտների կենսանմուշներից, այնպես էլ «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» հանրային սննդի կազմակերպության աշխատակիցներից և տավարի մսի հում խճողակից, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդության հավանական աղբյուրը երկրորդային աղտոտումն է:
Միաժամանակ, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացվել է վտանգի աղբյուրի արագ բացահայտման գործընթաց, իսկ սննդամթերքի կասեցման և իրացման պատասխանատու կառույցի (ի դեմս ՍԱՏՄ) կողմից աշխատանքներն իրականացվում են համապատասխան ընթացակարգերով:
Leave a reply