Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի «Ռեսուրս» մասնաճյուղում (հասցե` Դավիթ Մալյան 37) կկազմակերպվի «Հիվանդությունների կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում» սեմինար` նախատեսված Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային գործունեություն ծավալող կամ իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար։

Դասընթացի հիմնական նպատակն է հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելումը, ինչպես նաև այլ երկրներ ճանապարհորդելիս ՀՀ քաղաքացիների առողջության հետ կապված ռիսկերի նվազեցումը:

Դասընթացը մասնակիցներին հնարավորություն կընձեռի նոր գիտելիքների շնորհիվ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը և հաճախորդների վստահությունը արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում:

Սեմինարի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն ճանապարհորդների առողջապահական ռիսկերն ըստ տարածաշրջանների և երկրների, վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրներն աշխարհում և Հայաստանում, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում դրանց կանխարգելման հիմունքները:

Դասախոսությունները կկազմակերպվեն հետևյալ թեմաներով․

  • զբոսաշրջիկների առողջության պահպանման իրավական հիմքերը,
  • զբոսաշրջիկների առողջապահական ռիսկերը, վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրն աշխարհում և Հայաստանում,
  • ջուր և առողջություն,
  • սննդային թունավորումներ, սննդի գործոնով պայմանավորված հիվանդություններ և դրանց կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում,
  • աղիքային վարակիչ հիվանդությունները և դրանց կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում,
  • գրիպ և այլ շնչառական վարակներ և դրանց կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում,
  • անձնական հիգիենայի նշանակությունը վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար,
  • հատուկ վտանգավոր վարակները և դրանց կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում,
  • սեռավարակները և դրանց կանխարգելումը,
  • ճանապարհորդների շրջանում հեպատիտ Բ-ի և Ց-ի կանխարգելման հարցերը,
  • տուբերկուլոզը և դրա կանխարգելումը,
  • կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի տարբեր երկրներում, դրանց կանխարգելումը ճանապարհորդների շրջանում,
  • վարակիչ հիվանդություններ փոխանցող հոդվածոտանիները և դրանց հանրային առողջապահական նշանակությունը,
  • փոխանցողներով պայմանավորված հիվանդությունները և դրանց կանխարգելումը ճանապարհորդների շրջանում,
  • մակաբուծային հիվանդությունները և դրանց կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում,
  • քիմիական թունավորումներ, այդ թվում՝ բուսական և կենդանական ծագման, դրանց կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում,
  • հղիների առողջապահական ռիսկերը ճանապարհորդելիս և դրանց կանխարգելումը,
  • ճանապարհորդություն երեխաների հետ,
  • արևահարություն, ջերմային հարված, ցրտահարություն,
  • քրոնիկ հիվանդություններ, դրանց առանձնահատկությունները ճանապարհորդների շրջանում,
  • առողջապահական ռիսկերը նավով ճանապարհորդելիս,
  • ճամփորդությունների ընթացքում հնարավոր արտակարգ իրավիճակները և դրանց արձագանքումը:

Սեմինարի տևողությունը չորս օր է։ Ավարտին մասնագետներին կտրամադրվեն դասախոսության տպագիր նյութերը, համապատասխան վկայականներ, ինչպես նաև՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Զբոսաշրջության պետական կոմիտեի կայքերում կտեղադրվի այն զբոսաշրջային կազմակերպությունների ցանկը, որոնց աշխատակիցների առնվազն 50%-ն անցել է «Հիվանդությունների կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում» ծրագրով ուսուցում:

Սեմինարներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ներքոնշյալ խմբերից մեկում՝

  • 1-ին խումբ՝ 2019 թվականի ապրիլի 2 — 5,
  • 2-րդ խումբ՝ 2019 թվականի ապրիլի 9 — 12,
  • 3-րդ խումբ՝ 2019 թվականի ապրիլի 16 — 19,
  • 4-րդ խումբ՝ 2019 թվականի ապրիլի 22 — 26:

Դասընթացն իրականացվում է համաձայն Առողջապահության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների համատեղ հրամանի, վճարովի հիմունքներով, յուրաքանչյուր մասնակցի մասնակցության արժեքը՝ 20.000 ՀՀ դրամ։

Հարցերի և գրանցվելու համար կարող եք զանգահարել

  • Լուսինե Պարոնյանին, ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոն, հեռ․)+37410) 550601, 550602, 550307,
  • Անուշ Բաբայանին, Զբոսաշրջության կոմիտե, 011 597157:
Leave a reply