Հայաստանի Հանրապետությունում 2019թ. առաջին եռամսյակում արձանագրվել է շմոլ գազով (ածխածնի մոնօքսիդ) թունավորման 267 դեպք, որից 59 դեպքը Երևան քաղաքում, 208-ը՝ մարզերում: Որոշ մարզերում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը (Գեղարքունիքի մարզում՝ 3.1 անգամ, Արագածոտնի մարզում՝ 2.3 անգամ, Լոռու մարզում՝ 1.4 անգամ):

Հարկ է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է 2.1 անգամ:

Թունավորման դեպքերը հիմնականում գրանցվում են ծխատարի անսարքության և/կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։

Չնայած նրան, որ նման թունավորումներից խուսափելու լավագույն միջոցն անվտանգության կանոնների պահպանումն է, ցավոք միշտ չէ, որ հնարավոր է խուսափել թունավորումներից։

Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ բացօթյա տարածք և օդափոխել տարածքը։ Եթե տանն առկա է գազօջախ, անհրաժեշտ է անջատել այն և փակել գազի հոսքը դեպի տուն։ Օդափոխելով տարածքը գազի խտությունը նվազում է՝ միաժամանակ նվազեցնելով թունավորման ռիսկը։ Բնակարաններում տեղադրված են հատուկ սարքեր, որոնք կանխում են գազի հոսքը դեպի տուն օդում շմոլ գազ հայտնաբերվելու դեպքում, ինչպես նաև միանում է ձայնային ազդանշան։ Անհրաժեշտ է ուշադիր լինել նշյալ սարքն օգտագործելիս և ոչ մի դեպքում չանջատել այն։

Թունավորումներից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է.

  • բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,
  • գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չի կարելի կիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում: Խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անհրաժեշտ է անպայման համոզվել, որ օդափոխությունն իրականացվում է լիարժեք,
  • գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ պետք է միացնել օդատարը,
  • Համոզված լինել, որ անվտանգության սարքերը միացված են, և ոչ մի դեպքում չանջատել։
Leave a reply