Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի`
✅ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 17:00-ը հնարավորության սահմաններում դրսում չմնալ,
✅ պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից,
✅ օգտագործել սովորականից շատ հեղուկներ, հատկապես ջուր, թան։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ և աղեր, այն ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
✅ օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
✅ ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ միրգ և հում բանջարեղեն,
✅ չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,
✅ չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենայում,
✅ ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ այդպես հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
✅ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,
✅ պետք է հետևել, որպեսզի օդորակիչի սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդու վրա,
✅ այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:
Leave a reply