ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2021 թվականին նախորդ տարվա համեմատ թունաքիմիկատներից թունավորումների դեպքայնությունը նվազել է 1.1 անգամ:

2021 թվականին 2020 թվականի համեմատ նկատվել է թունաքիմիկատներով թունավորումների աճ մանկական բնակչության շրջանում։

Թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասը՝ 23%՝ արձանագրվել է ծնողի անուշադրության, 20.7%-ը՝ բնակչի անփութության և 18.4%-ը՝ ինքնասպանության փորձ կատարելու հետևանքով:

Միաժամանակ, դեպքերի 57.5%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 42.5%-ը՝ կանանց: Դեպքերի մեծ մասը՝ 65.5%-ը, գրանցվել է մեծահասակների, իսկ 34.5%-ը՝ մանկահասակ բնակչության շրջանում:

Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.

  •  թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ),
  •  լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստն առօրյա հագուստից առանձին,
  •  չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
  •  թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում` վրան փակցնելով նախազգուշացնող պիտակներ,
  •  պահել թունավոր նյութերը սննդամթերքից հեռու՝ երեխաներին ոչ հասանելի վայրերում,
  •  թունաքիմիկատը պահել երեխաների համար ոչ հասանելի տեղում՝ երեխայի տեսադաշտից դուրս։
Leave a reply