Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային երկրներում Հայաստանն արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության մակարդակով դասվում է բարձր հիվանդացություն և մահացություն ունեցող երկրների շարքում:

Արգանդի պարանոցի հիվանդացության բազմամյա վերլուծությունը ցույց է տալիս, որ 1980-ականների համեմատ հիվանդացությունն աճել է ավելի քան 1.5 անգամ. Հայաստանում տարեկան գրանցվում է միջինում 250 կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպք։

Մարդու պապիլոմավիրուսների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներն են։ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը զգալիորեն նվազեցնում է ՄՊՎ-ով վարակման ռիսկը:

2017 թվականի դեկտեմբերից ՄՊՎ դեմ պատվաստումներն ընդգրվել են Հայաստանի Հանրապետության Պատվաստումների ազգային օրացույցում և իրականացվում են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ընդմիջումով:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի պարենի և դեղամիջոցների գործակալության (FDA) դիրքորոշումը, ինչպես նաև «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» առաջարկությունը՝ 2019 թ. փետրվարից ՄՊՎ դեմ պատվաստումներն առաջարկվում են նաև 14-45 տարեկան անձանց:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում բացի Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված պատվաստումներից, կատարվում են պատվաստումներ նաև համաճարակաբանական ցուցումներով:

Համաճարակաբանական ցուցումով պատվաստումները կարող են կրել ինչպես զանգվածային, այնպես էլ անհատական բնույթ, երբ առկա է վարակիչ հիվանդության նկատմամբ բնակչության համապատասխան ռիսկի խումբ: Ինչ վերաբերում է ՄՊՎ դեմ պատվաստումներին, հարկ է նշել, որ վերջինս 13 տարեկան անձանց շրջանում կրում է պլանային բնույթ և ընդգրկված է Պատվսատումների ազգային օրացույցում, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում առաջարկվող ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են համաճարակաբանական ցուցումով՝ նպատակ ունենալով նաև ավելի բարձր տարիքի անձանց շրջանում՝ որպես ռիսկի խումբ, նվազեցնել վիրուսի շրջանառությունը:

Հիշեցնենք, որ մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ) լայնորեն տարածված է բնության մեջ և մարդկանց 80%-ը կյանքի ընթացքում վարակվում է այդ վիրուսով։ Վարակվելու ռիսկին հավասարապես ենթարկվում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ ՄՊՎ-ն տարածվում է սեռական օրգանների, լորձաթաղանթների կամ մարդու կենսաբանական հեղուկների հետ շփման միջոցով: Հնարավոր է նաև վիրուսի փոխանցում պտղին մորից՝ ծննդաբերության ժամանակ՝ բերելով բկանցքի, շնչափողի, բրոնխների պապիլոմատոզի զարգացման։

Վիրուսն ախտահարում է էպիթելային բջիջները: ՄՊՎ վարակների մեծ մասն (70-90%) ընթանում է անախտանիշ և 1-2 տարում վարակվածներն ինքնաբերաբար առողջանում են:

Leave a reply