Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրի գործադրման շրջանակներում առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից դեռևս 2015 թվականից իրականացվում է Երևան քաղաքի 10-14 տարեկան դեռահասների շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների վարքագծային ռիսկի գործոնների տարածվածության կոհորտային (երկարատև) հետազոտություն և այդ գործոններով պայմանավորված հիվանդությունների բացահայտում։

Համաձայն ԱՀԿ-ի տվյալների՝ աշխարհում ընդհանուր մահացության կառուցվածքում մահվան պատճառ են եղել ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ), այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդությունները (ՈՎՀ-րի 48%-ը), նորագոյացությունները (21%), թոքերի քրոնիկ հիվանդությունները (12%) և շաքարային դիաբետը (3.5%):

ՀՀ-ում մահացությունը առավել տարածված ՈՎՀ-ներից կազմում է 80%:

Ըստ ԱՀԿ-ի՝ առավել տարածված ՈՎՀ-ների հիմնական ռիսկի գործոններն են ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը, ֆիզիկական թերակտիվությունը, անառողջ սնուցումը և ավելցուկային քաշը/ճարպակալումը:

Հետազոտության նպատակն է 10-14 տարեկան դպրոցականների շրջանում վարքագծային գործոնների` անառողջ սնուցման, ցածր ֆիզիկական ակտիվության տարածվածության և դրանց հետևանքով հիվանդությունների բացահայտումը: Հետազոտության համար կիրառվել է համակարգված ընտրանքի մեթոդը, որն առավել ներկայացուցչական է: Ընտրվել է 20 դպրոց, 1085 նշված տարիքի դեռահաս, որոնց շրջանում իրականացվել է հարցում՝ վարքագծային ռիսկի գործոնների վերաբերյալ, զուգահեռ՝ լայնածավալ իրազեկում վարքագծային ռիսկի գործոնների կանխարգելման ուղղությամբ:

Ծրագրի արդյունքներ 2015-2017 թթ.։ Ծրագրի ընթացքում առողջ ընտրանքից յուրաքանչյուր տարի բացահայտվել են հիվանդություն ունեցող երեխաներ, մասնավորապես 2016-2017թթ. բացահայտվել է հիվանդության 23 դեպք, որից ճարպակալում՝ 8, կեցվածքի շեղում՝ 13, քաշի պակասի և բրոնխիալ ասթմայի 1-ական դեպք:

Դեռահասների հետ լայնածավալ իրազեկման աշխատանքների արդյունքում 2017թ.-ին 2015 թ.-ի համեմատ դիտարկվում է վարքագծային ռիսկի գործոնների բարելավում:

Ծխելը վտանգավոր գործոն է համարել հարցվողների 90%, անկանոն սնվելը՝ 81.4%, ցածր ֆիզիկական ակտիվությունը՝ 77.2%: Հասարակական վայրերում ծխախոտի արգելման օրենսդրական բարեփոխումներին կողմ է հարցվողների 82%:

Leave a reply