Ամանորյա տոներին ընդառաջ մեծանում է նաև սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակի բարդացման ռիսկը՝ հաշվի առնելով բնակչության շփումները:

Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում համաճարակային իրավիճակին: Դիտվում է սուր շնչառական վարակների օրինաչափ ընթացք: 2018 թվականի 50–րդ շաբաթում արձանագրվել է սուր շնչառական վարակների 4877, 2017 թվականի՝ 3469, 2016 թվականի 10226 դեպքերի համեմատ: Արձանագրված դեպքերի 80%-ը հիմնականում դիտվում է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Հոսպիտալներում հետգրիպային բարդություններով ծանր հիվանդներ առկա չեն:

Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների այսօր հանրապետությունում շրջանառում են ինչպես գրիպի Ա տեսակը (H1), այնպես էլ շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագիրպ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, բոլավիրուսներ:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ քաղաքացիների կոչ է անում.

  • խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • մնալ տանը հիվանդ լինելու դեպքում,
  • հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ,
  • չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
  • հագնվել եղանակին համապատասխան,
  • պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխել փակ տարածքները,
  • հետևել անձնական հիգիենային:
Leave a reply