Ամանորյա տոներին ընդառաջ մեծանում է նաև սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակի բարդացման ռիսկը՝ հաշվի առնելով բնակչության շփումները:
Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում համաճարակային իրավիճակին: Դիտվում է սուր շնչառական վարակների օրինաչափ ընթացք: 2018 թվականի 50–րդ շաբաթում արձանագրվել է սուր շնչառական վարակների 4877, 2017 թվականի՝ 3469, 2016 թվականի 10226 դեպքերի համեմատ: Արձանագրված դեպքերի 80%-ը հիմնականում դիտվում է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Հոսպիտալներում հետգրիպային բարդություններով ծանր հիվանդներ առկա չեն:
Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների այսօր հանրապետությունում շրջանառում են ինչպես գրիպի Ա տեսակը (H1), այնպես էլ շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագիրպ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, բոլավիրուսներ:
Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ քաղաքացիների կոչ է անում.
- խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- մնալ տանը հիվանդ լինելու դեպքում,
- հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ,
- չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
- հագնվել եղանակին համապատասխան,
- պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխել փակ տարածքները,
- հետևել անձնական հիգիենային: