Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Ամռանը աճում է նաև աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը, ինչը պայմանավորված է վարակիչ հիվանդությունների փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար նպաստավոր կլիմայական պայմաններով, ինչպես նաև արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող  սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն,  մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք,  կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն  և այլն) բացօթյա և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացմամբ: Առավել բարձր ռիսկի գործոն է  սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում  սննդամթերքի մանրէային  երկրորդային աղտոտումը, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, սալմոնելոզ, շիգելոզ, իերսինիոզ և այլն) և սննդային թունավորումների առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.

  • հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել, սնունդ պատրաստելուց  և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո ձեռքերը լավանալ օճառով,
  • սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
  • պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
  • ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,
  • չգնել  արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա  պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,
  • բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
  • սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից կանխելու նպատակով,
  • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
  • սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում։
Leave a reply