Հայաստանում ներկայումս աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առկա է տարվա տաք շրջանին բնորոշ հիվանդացության բարձրացում: Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների սննդային գործոնով պայմանավորված 3 բռնկում, բոլոր դեպքերում բռնկումներն առաջացել են սննդամթերքի պատրաստաման, պահպանման կանոնների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ ռեժիմի խախտումների պատճառով: Ջրային գործոնով պայմանավորված բռնկումներ չեն արձանագրվել:  Մշտապես իրականացվում է խմելու ջրի նմուշառում՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Հունիս-օգոստոս ամիսներին Երևան քաղաքում իրականացված հետազոտությունների արդյունքում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։

Միաժամանակ, 2022 թվականի հունիս-օգոստոս ժամանակահատվածում նկատվում է հիվանդացության նվազում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

Հարկ է նշել, որ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների բազմացման և տարածման համար:

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով: Աղիքային վարակների հարուցիչները մշտապես առկա են շրջակա միջավայրում, լավ պահպանվում են սննդամթերքի մեջ և բարենպաստ պայմաններում աճում և բազմանում են: Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների և սննդային թունավորումների առաջացման պատճառ:

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններն են՝ լուծ, թուլություն, սրտխառնոց, փսխում, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ, սննդային թունավորումների դեպքում կարող է լինել նաև գիտակցության մթագնում և կորուստ:

Նշված ախտանշանների դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, խուսափել հակաբիոտիկներ անհարկի օգտագործելուց:  Միաժամանակ պետք է նշել, որ աղիքային վարակներով հիվանդների վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս կանխելու վարակի տարածումը և բռնկումների առաջացումը:

Աղիքային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է.

  • միրգը, բանջարեղենը, հատապտուղները, կանաչեղենն օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո,
  • սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,
  • գնումներ կատարելիս ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,
  • չգնել փողոցներում, բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող սննդամթերք,
  • սնունդը պատրաստելիս այն լավ եփել կամ տապակել, հետագայում դրանք պահել փակ տարաներում և սառնարանում,
  • հում և եփած սննդամթերքը պահել առանձին,
  • խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին. ձեռքերը լվանալ հաճախակի, իսկ անհնարինության դեպքում՝ ախտահանել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
  • չօգտագործել կասկածելի ջուր, խմելու ջրի որակի փոփոխությունների (համը և հոտը փոխված, պղտոր) դեպքում ահազանգել ձեր տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությանը,
  • արգելել երեխաների լողը դեկորատիվ ջրավազաններում, գետերում և այլ ջրավազաններում, որոնք նախատեսված չեն լողի համար:
Leave a reply