Սալմոնելոզը սուր աղիքային հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորմամբ և կլինիկական բազմազանությամբ։ Սալմոնելոզի վարակի աղբյուր են հանդիսանում կենդանիները և հիվանդ մարդիկ, այդ թվում նաև առողջ վարակակիրները: Հատկապես վտանգավոր են այն վարակվածները (նաև՝ առողջ վարակակիրները), ովքեր աշխատում են սննդամթերքի արտադրության, սպառման և հանրային սննդի կազմակերպություններում: Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։
Հարուցիչները բավականին կայուն են արտաքին միջավայրում՝ բաց քաղցրահամ ջրամբարներում, հողում, երշիկեղենում, ձվի մեջ և սառեցված մսեղենում, սենյակային պայմաններում փոշու մեջ չեն ոչնչանում ամիսներ շարունակ, իսկ ապխտած, պահածոյացված, աղի մեջ պահպանվող և սառեցրած մթերքներում պահպանում են կենսունակությունը։ Վարակը կարող է փոխանցվել խոհանոցային սպասքի, դռան բռնակի և այլ պարագաների միջոցով։
Հիվանդության թաքնված շրջանը 2-6 օր է, իսկ սննդային վարակման դեպքում կարող է տևել մի քանի ժամ: Վերջինիս դեպքում կլինիկական երևույթները զարգանում են ավելի բուռն։
Սալմոնելոզի հիմնական ախտանիշներն են՝ ջերմության կտրուկ բարձրացում, սարսուռ, թուլություն և բութ ցավեր մկաններում, ախորժակի անկում, անքնություն, սուր ցավեր պորտի շրջանում: Բնորոշ է մի քանի օր տևող սրտխառնոցը, փսխումը (կարող է սկսվել հիվանդության առաջինն իսկ ժամերից) և լուծը, վերջինս կարող է պարունակել արյան հետքեր։
Որպես կանոն ավելի հաճախ հիվանդանում են երեխաները և մեծահասակները, ինչպես նաև թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ:
Ինչպե՞ս խուսափել սալմոնելոզով վարակվելուց
- Օգտագործել միայն ստուգված սննդամթերք, չգնել կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու,
- Նախընտրելի է գործարանային փաթեթավորված մթերքները, որոնք ենթարկված են համապատասխան ստուգումների,
- Թարմ միրգը և բանջարեղենը պարտադիր անհրաժեշտ է լվանալ առատ և հոսող ջրով,
- Սառնարանում հում սննդամթերքը առանձնացնել եփածից,
- Խմել միայն մաքուր և ախտահանված ջուր, կասկածի դեպքում օգտագործել եռացնելուց հետո,
- Չլողալ կասկածելի ջրամբարներում,
- Մշտապես լվալ ձեռքերը հատկապես ուտելուց առաջ, զուգարանից, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվելուց հետո,
Եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա չզբաղվել ինքնաբուժմամբ, անտեղի չօգտագործել հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը:
Leave a reply