Պատվաստվե՛ք ժամանակին․ պաշտպանե՛ք ձեզ և ձեր հարազատներին

Պատվաստումն առողջության պահպանման կարևորագույն քայլերից է։ Այն օգնում է պաշտպանել ոչ միայն անհատին, այլև ամբողջ հանրությանը։

Հայաստանում պլանային և համաճարակաբանական ցուցումով իրականացվող պատվաստումների միջոցով կանխարգելվում է 20 վարակիչ հիվանդություն։

Ինչո՞ւ է կարևոր պատվաստվել ժամանակին

Պատվաստումները ձևավորում են պաշտպանություն վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեմ

Նվազեցնում են հիվանդության ծանր ընթացքի, բարդությունների, հոսպիտալացման և մահվան ռիսկը

Օգնում են սահմանափակել վարակների տարածումը՝ նպաստելով նաև այն անձանց պաշտպանությանը, որոնք տարիքի կամ առողջական վիճակի պատճառով չեն կարող պատվաստվել

Ի՞նչ անել՝ ժամանակին պաշտպանություն ապահովելու համար

Հետևե՛ք Պատվաստումների ազգային օրացույցին։ Ստացե՛ք անհրաժեշտ պատվաստումները սահմանված ժամկետներում։

Ստուգե՛ք ձեր և ձեր երեխաների պատվաստումային կարգավիճակը։ Եթե որևէ պատվաստում բաց է թողնվել, դիմե՛ք առողջության առաջնային պահպանման կազմակերպություն՝ այն լրացնելու համար։

Հիշե՛ք՝ պատվաստումները կարևոր են կյանքի բոլոր փուլերում։ Ձեր տարիքին և առողջական վիճակին համապատասխան անհրաժեշտ պատվաստումների մասին խորհրդակցե՛ք բժշկի հետ։

Բնակչության իրազեկում