Ամռան ամիսներին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը` պայմանավորված վարակիչ հիվանդությունների փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար նպաստավոր կլիմայական պայմաններով, ինչպես նաև արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացմամբ:
Առավել բարձր ռիսկի գործոն է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզինտերիա, սալմոնելոզ, շիգելոզ, իերսինիոզ և այլն) և սննդային թունավորումների առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է`
• սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
• պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
• ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,
• չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
• ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
• սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև՝ պատշաճ ջերմային պայմաններում,
• առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղենևայլն),
• սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,
• պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս ուշադիր լինել և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,
• հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։

 

Leave a reply